Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները | 1lurer.am

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։

Մասնավորապես,

Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել մինչև 2027 թ․ մարտ ամիսը ներառյալ, 30000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15000 դրամի չափով,

Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ:

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք, ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։

Հիշեցնենք, որ շարունակվում է նաև ԼեռնայինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում 8310 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որից իրացվել են 4750-ը։

Մեկնարկել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման ծրագիրը, որի շրջանակում տրվում է աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը՝ երկարաժամկետ վարձակալության վճարի փոխհատուցման համար։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10638

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն