Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:

Վարդանյանն իր ուղերձում առաջարկում է Ալիևային հանդիպել հայ բանտարկյալների հետ և տեղում ծանոթանալ այն խախտումներին, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։

«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»:

Նա հղում է կատարում «Պատիժների կատարման» օրենսգրքին և «Դատապարտյալների իրավունքների մասին» գրքույկին, որն այս տարվա ապրիլին Ադրբեջանի պաշտպանի գրասենյակը տրամադրել էր։ Ընդգծում է՝ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։

«Նրա բարձրացրած խնդիրների թվում են բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությունը, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությունը, ֆիզիկական վարժությունների սահմանափակումը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխանների բացակայությունը»,- հայտնում է Վարդանյանի ընտանիքը։

Իր ուղերձում Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է նաև Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցմանը, որից հետո բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։

Նա նաև նշում է, որ շատերը հնարավորություն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու և հեռախոսազանգեր կատարելու, քանի որ միջոցներ չունեն։

Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու մեկնելու նախաձեռնության մասին։ Վարդանյանը շեշտել է՝ իր կնոջ դիմումներն անպատասխան են, այլընտրանքային լուծում էլ չի առաջարկվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն