ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը | armenpress.am

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը | armenpress.am

armenpress.am Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարավորություն է տալիս ընտրություններից տարիներ առաջ՝ առանց կուսակցություն գրանցելու, քաղաքական գործունեություն ծավալել և դուրս մնալ ֆինանսական թափանցիկության պահանջներից։ Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ արձանագրելով, որ քաղաքական ֆինանսավորման ոլորտում օրենսդրական մեծ բաց կա։

«Մեր իրավական դաշտում քաղաքական ֆինանսավորման հետ կապված մեծ բաց կա։ Սա անուղղակիորեն է առնչվում ընտրություններին։ Ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ քաղաքական հավակնություններ ունեցող անձինք կարող են առանց կուսակցություն գրանցելու՝ չորս և ավելի տարի մինչև ընտրությունները, շարժման կամ իրավական գրանցում չունեցող այլ ձևաչափով քաղաքական գործունեություն ծավալել և ֆինանսական թափանցիկության պահանջի ներքո չգտնվել։

Այնուհետև ընտրություններից չորս կամ հինգ ամիս առաջ նրանք կարող են իրավական գրանցում ստանալ և արդեն որպես կուսակցություն շարունակել գործունեությունը։ Այսօր մեր իրավական դաշտն այսպիսին է»,-ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ գործող կարգավորումներով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությանը բավարար է թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտի օրվա դրությամբ ստացած լինել գրանցման փաստաթղթերը։

«Ցուցակը հաստատելու որոշումը կարող է ընդունվել նույնիսկ կուսակցության հիմնադիր համագումարում։ Այսինքն՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում կուսակցությունը կարող է գրանցվել և անմիջապես փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այսօրվա իրավական կարգավորումն այդպիսին է»,-ընդգծեց նա։

Հովակիմյանը համեմատության համար նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցման դիմող հասարակական կազմակերպությունների համար նման հնարավորություն նախատեսված չէ։ Դրանք պետք է ունենան առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն։

ԿԸՀ նախագահը պատգամավորներին առաջարկեց վերանայել գործող կարգավորումները՝ հայտնելով հանձնաժողովի պատրաստակամությունը մասնակցելու քննարկումներին։

«Եթե համաձայն չեք այս իրավական դաշտի հետ, դուք օրենսդիր եք՝ փոխեք այն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, անդամներն ու մեր իրավաբանները ձեր տրամադրության տակ են։ Պատրաստ ենք մեր փորձով և դիտարկումներով կիսվել, քննարկել ու բարեփոխել օրենսդրությունը»,-եզրափակեց Հովակիմյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն