ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պաշտպանական թիմը։
Ըստ պաշտպանների՝ 71-ամյա Խաչատրյանին չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացվել, տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ որոշ հարցերի տեղային լուծումներ են տրվել, սակայն, պաշտպանների գնահատմամբ, նրա առողջության և կյանքի համար վտանգը չի վերացել։
Փաստաբանները նաև հայտել են, որ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրան վիրահատած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Փաստաբանները միջնորդել են, որ բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Խաչատրյանին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։
Պաշտպանները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես «խոշտանգման լրջագույն հատկանիշներ» պարունակող և ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել գործը։