Մեծամորի ավագանու անդամների մասնակցության ցուցանիշը նիստերին Հայաստանի խոշորացված համայնքների շարքում ամենացածրերից է՝ 66․6%։ Ավագանու մի շարք անդամներ վերջին տարիներին պարբերաբար բացակայել են նիստերից, մինչդեռ օրենքով նախատեսված պատասխանատվության մեխանիզմը գործել է ոչ բոլորի դեպքերում։
Հայաստանի համայնքներում ավագանու անդամների 50% բացակայության շեմը գերազանցելու համար պատասխանատվության հարցը հաճախ դառնում է ընտրովի՝ պայմանավորված քաղաքական մեծամասնության կամքով։
Մեր կատարած ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ խոշորացված համայնքների շարքում մասնակցության միջին ամենացածր ցուցանիշներից մեկը գրանցել է Արմավիր մարզի Մեծամոր համայնքը՝ ընդամենը 66․6%: Սա նշանակում է, որ ավագանու կազմի ընդհանուր բացակայությունները եղել են 34․4%:
Մեծամորի ավագանու կազմը բաղկացած է 26 անդամից. «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 20 մանդատ, իսկ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 6։
ՔՊ խմբակցության մասնակցության միջին ցուցանիշը կազմում է 68.8%, իսկ ՀՅԴ-ինը՝ 67.6%:
Մասնակցության ցածր ցուցանիշի հիմնական պատճառը ավագանու 6 անդամների քրոնիկ բացակայություններն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նունե Մելքոնյանը, Արմեն Սաֆարյանը, Լիլիթ Աֆրիկյանը, Տոնիկ Մացակյանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունից՝ Արմեն Շմավոնյանը և Տիգրան Հայրապետյանն ունեն բացակայության ամենաբարձր գործակիցները` 47-74%:
Ըստ գործող ՏԻՄ մասին օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի՝ մեկ տարվա ընթացքում նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում ավագանու անդամը կարող է զրկվել մանդատից, բայց դա ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն է:
Մեծամորի ավագանիում այս իրավական նորմի կիրառման նախադեպ արդեն եղել է։ 2023 թվականին Մեծամորի ավագանու ՔՊ-ական 18 անդամ կողմ է քվեարկել ՀՅԴ խմբակցության ավագանու անդամ Անահիտ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը՝ հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու հիմքով։
Մինչդեռ ՔՊ-ական ավագանու անդամներից մի քանիսն այսօր ունեն նույնպիսի կամ ավելի վատ հաճախելիություն, բայց շարունակում են պաշտոնավարել։
2022-2025 թթ․ տվյալներով՝ ավագանու վերոնշյալ 6 անդամները նիստերի 50%-ից ավելի բացակայել են ոչ թե մեկ, այլ մի քանի նստաշրջաններում․
- 8 նստաշրջանից 5-ականում նիստերի 50%-ից ավելի բացակայել են Նունե Մելքոնյանը (ընդհանուր* 52 նիստից չի մասնակցել 37-ին), Արմեն Սաֆարյանը (ընդհանուր* 61 նիստից չի մասնակցել 36-ին), Լիլիթ Աֆրիկյանը (ընդհանուր* 61 նիստից չի մասնակցել 27-ին)։
- 8 նստաշրջանից 3-ականում նիստերի 50%-ից ավելի բացակայել են Տոնիկ Մացակյանը (ընդհանուր* 61 նիստից չի մասնակցել 28-ին), Արմեն Շմավոնյանը (ընդհանուր* 39 նիստից չի մասնակցել 23-ին), Տիգրան Հայրապետյանը (ընդհանուր* 61 նիստից չի մասնակցել 33-ին)։
Ուսումնասիրելով նաև 2026 թվականի տվյալները` պարզ է դառնում, որ այս ավագանու անդամները բացակայել են նիստերի գերակշիռ մասից, մասնավորապես՝ Արմեն Սաֆարյանը և Արմեն Շմավոնյանը բացակայել են այս տարվա ընթացքում տեղի ունեցած 11 նիստից 9-ից, Տիգրան Հայրապետյանը՝ 7-ից, իսկ Լիլիթ Աֆրիկյանը՝ 10-ից։ Ավագանու անդամ Նունե Մելքոնյանը բացակայել է մինչև հուլիսի 10-ը տեղի ունեցած բոլոր 8 նիստերից, իսկ հուլիսի 10-ին ավագանին որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները՝ բացակայելու հիմքով։
Մեծամորի համայնքապետարանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք այս ավագանու անդամները ներկայացրել են բացակայությունների հարգելի պատճառներ։ Համայնքապետն ուղիղ չի պատասխանել՝ սակայն նշել է, որ համայնքի գործունեությունը բազմակողմանի է, և նրանց աշխատանքի արդյունավետությունը չի սահմանափակվում միայն հերթական կամ արտահերթ նիստերին ֆիզիկական ներկայությամբ։
«Հարցման մեջ նշված ավագանու անդամներն ակտիվորեն ներգրավված են համայնքի ավագանու համապատասխան մշտական հանձնաժողովների աշխատանքներում», – գրված է պատասխանում։
Արմեն Սաֆարյան «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում պատմեց, որ աշխատում է տարադրամի փոխանակման կետում, և ավագանու նիստերը երբեմն համընկնում են իր աշխատանքային ժամերին։ «Այդ պատճառով էլ բացակայում եմ, բայց փորձում եմ համատեղել»,- ասաց Արմեն Սաֆարյանը։
«2023 թվականին Արցախի հանձնումից հետո երկար ժամանակ բոյկոտել եմ ավագանու նիստերը, բողոքս եմ հայտնել այդպես։ Համայնքապետարանին բանավոր եմ տեղեկացրել պատճառի մասին»,- «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում իր բացակայություններն այսպես հիմնավորեց Արմեն Շմավոնյանը։
Թե ովքեր են ձեր համայնքում ամենաշատը բացակայում ավագանու նիստերից, կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» պատրաստած ցանկում։ Այստեղ հավաքված են բոլոր համայնքների 50-ից 100 տոկոս բացակայության ցուցանիշ ունեցող ավագանու անդամների տվյալները՝ ըստ համայնքների, բացակայած նիստերի քանակի և բացակայության անհատական գործակիցների։