ՆԳՆ-ն անդրադարձել է Հրազդանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։
«Հրապարակումից անմիջապես հետո նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։
Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով», – նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել էր, որ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել։
Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։
Էկրանապատկերը՝ Factor TV-ի տեսանյութից