Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ | shantnews.am

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի մի խումբ գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք։

Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և մեր երկրից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Վարչապետն այդ առումով կարևորել է ԵՄ-ի կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակությունը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն