factor.am Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետությունում, ինչը հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրան նախորդել էր շուրջ իննամսյա շրջափակումը, հումանիտար ծանր ճգնաժամը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցները փակել էին Լաչինի միջանցքը՝ ամիսներ շարունակ թույլ չտալով Հայաստանից Արցախ մատակարարել սնունդ, դեղորայք, վառելիք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքները։
2023 թվականի սեպտեմբերի 18-ին Արցախ վերջապես հասավ որոշակի մարդասիրական օգնություն։ Սակայն դրանից մեկ օր անց իրավիճակը կտրուկ փոխվեց։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը սկսեց հրետակոծել Արցախի տարածքը՝ ծանր հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և ավիացիայի կիրառմամբ։ Հարվածների տակ հայտնվեցին ոչ միայն դիրքերը, այլև Ստեփանակերտն ու մի շարք բնակավայրեր։ Արցախյան կողմը փորձեց դիմադրել՝ պաշտպանելով իր դիրքերն ու բնակավայրերը, սակայն ուժերի հարաբերակցությունը խիստ անհավասար էր։
Մարտերը շարունակվեցին շուրջ 24 ժամ։ Ադրբեջանի զինված ուժերը մի շարք ուղղություններով առաջացան, վերահսկողության տակ վերցրին ռազմավարական դիրքեր և ճանապարհներ, ինչի հետևանքով Արցախի պաշտպանական ուժերը հայտնվեցին ծանր իրավիճակում։ Այս ամենը տեղի ունեցավ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնց պարտականություններ էր ապահովել արցախցիների անվտանգությունը։ Մոտ մեկ օր տևած ռազմական գործողությունների հետևանքով արցախյան կողմը հաղորդեց առնվազն 200 զոհի և ավելի քան 400 վիրավորի մասին։ Զոհերի թվում կային նաև քաղաքացիական անձինք և երեխաներ։
Ադրբեջանի հրապարակած տվյալներով՝ իր զինված ուժերի շրջանում զոհվել էր 192 զինծառայող, ևս 511-ը վիրավորվել։
Մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո ձեռք բերվեց հրադադարի պայմանավորվածություն։ Հրադադարի պայմանները ծանր էին Արցախի համար․ նախատեսվում էր Արցախի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափում և լուծարում, ինչպես նաև ծանր տեխնիկայի և զինամթերքի հանձնում։ Դրանից հետո պետք է բանակցություններ սկսվեին Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ Ադրբեջանի կողմից ներկայացվող «վերաինտեգրման» հարցերի շուրջ։
Սակայն ռազմական գործողությունների դադարեցումը և Արցախի ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանի պաշտոնյաների հետ դրական արդյունք չտվեց։
Սեպտեմբերի 24-ին սկսվեց հայերի բռնի տեղահանումն Արցախից։ Մարդիկ Արցախից հեռանում էին՝ թողնելով իրենց տները, ունեցվածքը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում