Հայաստանցի աշակերտներն անգրագետ չեն. ինչի մասին են իրականում PISA-ի արդյունքները

Վերջին օրերին հայ աշակերտները հասցրել են լինել «անգրագետ», իսկ Հայաստանը՝ «վերջինը տարածաշրջանում»։ Պատճառը 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու հմտությունները գնահատող միջազգային PISA հետազոտության արդյունքներն են։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ) էլ շտապել է  պարզաբանել, որ պատճառը կրթական հին չափորոշիչներն են։ 

Բայց արդյոք զեկույցի արդյունքներն իսկապես սա են ասում։

«Ինֆոքոմն» ուսումնասիրել է զեկույցը և փորձել է հասկանալ՝ ինչի մասին է այն իրականում, ի՞նչն են չափում PISA-ի թվերը, կարելի՞ է արդյոք դրանք համարել «գրագիտության»  ցուցանիշ և ինչպես  սոցիալական վիճակը կարող է ազդել աշակերտների միավորների վրա:

Ի՞նչ է PISA-ն և ի՞նչն է չափում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (Programme for International Student Assessment, PISA) 2000թ.ից հետազոտում է, թե աշակերտներն իրական կյանքում ինչպես են կիրառում դպրոցի ստացած գիտելիքները։ Այսինքն՝ այս թեստում աշակերտներին ոչ թե հանձնարարում են, օրինակ, չափել A-ից B հեռավորությունը, այլ, ասենք, թե տեղադրված պատկերում որն է ամենակարճ ճանապարհը դիմացի շենք հասնելու համար։

PISA-ի թեստերում, օրինակ, աշակերտները պետք է իմանային՝ ինչո՞ւ է քամուց արտադրված էլեկտրաէներգիան ավելի լավ շրջակա միջավայրի համար, քան վառելիքով ստացվածը, կամ, ինչպե՞ս պետք է նվազեցնել նորաձևության առաջացրած բնապահպանական խնդիրները, ինչու են մարդիկ, նախ, տեսնում կայծակը, ապա լսում որոտի ձայնը։ 

Նմանատիպ հարցերի համար, կախված բարդությունից, PISA-ն ունի 6 մակարդակ. որքան բարձր է, այնքան բարդ է: Օրինակ, բնագիտության դեպքում մեկ մակարդակ մյուսից տարբերվում է 75 միավորով, ընթերցանությունում՝ 73, իսկ մաթեմատիկայում՝ 62-ով։ 2-րդ մակարդակը բազային շեմն է (Level 2)՝ 410–483 միավորով, երբ աշակերտը կարողանում է ստացած գիտելիքները տարրական ձևերով կիրառել։ 

2025թ․-ին PISA-ի թեստին մասնակցել է 760 000 աշակերտ 91 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ։

Հայաստանը՝ PISA-ի թեստում

ԿԳՄՍՆ դեռևս 2022թ․-ից էր հայտարարել աշակերտների գիտելիքները PISA-ով ստուգելու մասին։ 2025թ․-ի գարնանը Հայաստանի 23800 15-ամյա աշակերտների մոտ 80%-ը՝ 6804 սովորող, լրացրել է թեստը, ապա պատասխանել դպրոցական ու սոցիալական պայմաններին վերաբերող հարցմանը։

PISA-ի արդյունքները սովորաբար համեմատվում են ՏՀԶԿ անդամ  38 երկրների միջին ցուցանիշի հետ։ Միևնույն ժամանակ, զեկույցում ներկայացվում է նաև PISA-ին մասնակցած ոչ անդամ 53 երկրների միջին արդյունքը։ Հայաստանը ՏՀԶԿ անդամ չէ։

Բնագիտության դեպքում Հայաստանի աշակերտները հավաքել են 369 միավոր` 68-ով պակաս, քան ՏՀԶԿ ոչ անդամ երկրների միջինը՝ 437-ը: 

Հայաստանցի աշակերտներն անգրագետ չեն. ինչի մասին են իրականում PISA-ի արդյունքները

Մաթեմատիկայում հայ աշակերտները զիջում են ՏՀԶԿ-ին չանդամակցող երկրներին միջինում 50 միավորով՝ հավաքելով 376 միավոր։

Հայաստանցի աշակերտներն անգրագետ չեն. ինչի մասին են իրականում PISA-ի արդյունքները

Ընթերցանության թեստերից հայ աշակերտները հավաքել են 348 միավոր։ Սա 64-ով քիչ է, քան ոչ անդամ երկրների միջինը՝ 412։

Հայաստանցի աշակերտներն անգրագետ չեն. ինչի մասին են իրականում PISA-ի արդյունքները

Համակարգչային խնդիրների լուծման դեպքում էլ հայ աշակերտները հավաքել են 354, իսկ ՏՀԶԿ անդամ երկրների սովորողները՝ միջինում 500 միավոր։

Ստացվում է, որ թեև Հայաստանի արդյունքները բնագիտության, մաթեմատիկայի և ընթերցանության երեք հիմնական ուղղություններով ՏՀԶԿ ոչ անդամ երկրների միջինից ցածր, սակայն տարբերությունը մոտ 50-68 միավոր է։

Սրան զուգահեռ, Հայաստանի աշակերտները հաղթահարել են տարբեր մակարդակներ։ Օրինակ՝ բնագիտության բազային 2-րդ կամ դրանից բարձր մակարդակում հայտնվել է Հայաստանի աշակերտների 28%` մոտ 2,6 անգամ ավելի քիչ, քան ՏՀԶԿ անդամ պետությունների աշակերտները (74%)։ 

Պետք է նշել, որ թեև ամենաբարձր՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակում (Level 5, Level 6) Հայաստանից հայտնվել է 1%-ից պակաս աշակերտ, սակայն ՏՀԶԿ անդամ երկրների աշակերտների դեպքում պատկերը կրկին ցածր է՝ միայն 7%-ն է հայտնվել այդ մակարդակներում:

Մաթեմատիկայի 2-րդ կամ դրանից բարձր մակարդակում հայտնվել է ՏՀԶԿ աշակերտների 65%-ը։ Հայաստանի աշակերտների 28% ևս հասել է այս մակարդակին։ 5-րդ կամ 6-րդ մակարդակում հայտնվել է Հայաստանի աշակերտների 1%-ը։ ՏՀԶԿ անդամ երկրների միջինը ևս ցածր է՝ 8%։

Ընթերցանության դեպքում հիմնականում ստուգվել է կարդալու արագությունն ու տեքստի բովանդակության ընկալումը, որոշ տեղեկություններ արագ գտնելու կարողությունները։ Այս առարկայի դեպքում բազային կամ դրանից բարձր մակարդակներում Հայաստանում հասել է աշակերտների 19%-ը, ՏՀԶԿ երկրներում՝ 69%-ը։ Հայաստանից 1%-ից քիչ սովորող է հասել 5-րդ կամ 6-րդ մակարդակներին, իսկ՝ ՏՀԶԿ-ում միայն 6%-ն է հայտնվել դրանցում։

Աղջիկներն ավելի լավ արդյունք են ցույց տվել, քան տղաները

PISA-ին մասնակցած հայ աշակերտների շրջանում աղջիկներն ավելի բարձր միավորներ են հավաքել 3 հիմնական առարկաներից։ Օրինակ, ընթերցանության դեպքում աղջիկները տղաներին գերազանցել են 40 միավորով՝ 368 և 327։ ՏՀԶԿ անդամ երկրներիի միջին ցուցանիշով աղջիկները տղաներից 30 միավոր ավելի են հավաքել։

Մյուս առարկաների ժամանակ էլ աղջիկները առաջ են ընկել տղաներից․ բնագիտության դեպքում նրանք ստացել են 377, տղաները՝ 359 միավոր։ ՏՀԶԿ միջինում այս առարկայի դեպքում տղաներն ու աղջիկները գրեթե նույն արդյունքն են ցույց տվել։

Թեև քիչ, բայց տարբերություն է եղել նաև մաթեմատիկայում. աղջիկները հավաքել են 377, տղաները՝ 375 միավոր։ ՏՀԶԿ միջինով՝ տղաները ստացել են 470 միավոր, աղջիկները՝ 456։

Ընտանեկան պայմաններն ու դպրոցի միջավայրն ազդում են PISA-ի արդյունքների վրա

PISA միջազգային հետազոտության արդյունքները վերլուծելիս կարևոր է հաշվի առնել նաև աշակերտի սոցիալ-տնտեսական վիճակը։ Աշակերտների սոցիալական վիճակը գնահատելու համար PISA-ն կիրառում է Տնտեսական, սոցիալական և մշակութային կարգավիճակի ինդեքսը (ESCS)։ Այն հաշվարկվում է ծնողների կրթության ու զբաղվածության, ինչպես նաև՝ ընտանիքի նյութական ապահովվածության ու տանը երեխայի ուսման համար եղած պայմանների հիման վրա։

Ըստ այդ հաշվարկների՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական ավելի բարենպաստ պայմաններում գտնվող աշակերտները բնագիտությունից միջինում 39 միավորով ավելի բարձր արդյունք են ցույց տվել, քան անապահով ընտանիքների աշակերտները։

Հայ աշակերտների բնագիտության արդյունքների տարբերության միայն 4%-ն է կապված ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը 3 անգամ բարձր է՝ միջինում 12%։
Միևնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում ապրող աշակերտների 22%-ը բնագիտությունից հայտնվել է լավագույն արդյունք ցույց տված աշակերտների 25%-ում. ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը 12% է։

Ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակից բացի զեկույցն անդրադառնում է նաև դպրոցի ռեսուրսներին ու կրթական միջավայրին։ Օրինակ, Հայաստանում աշակերտների 16%-ը սովորում է այնպիսի դպրոցներում, որտեղ, տնօրենների գնահատմամբ, ուսուցիչների պակասը խոչընդոտում է դասերի բնականոն ընթացքին։

Միևնույն ժամանակ, այդ դպրոցների տնօրենները հայտնել են, որ աշակերտների գրեթե կեսը՝ 49%-ը, սովորում է գրենական պիտույքների, դասագրքերի, համակարգիչների կամ լաբորատոր սարքավորումների պակասի պայմաններում։

Բացի այդ, աշակերտների 39%-ը սովորում է դպրոցի շենքային անբավարար պայմաններում՝ ջեռուցման և լուսավորության խնդիրներով։

Բուլինգն ու դպրոցների հաճախելիությունը

PISA-ն ուսումնասիրել է նաև դպրոցական միջավայրին և աշակերտների հաճախելիությանը վերաբերող մի շարք ցուցանիշներ։ Օրինակ, PISA զեկույցը փաստում է, որ մասնակից հայ աշակերտների 9%-ն առնվազն ամիսը մի քանի անգամ բախվում է դպրոցական բուլինգի, իսկ 3%-ը՝ կիբեռբուլինգի։

Բուլինգից բացի, PISA-ի տվյալները ուշադրություն են դարձնում նաև դպրոցական հաճախելիությանը։

Օրինակ, աշակերտների 58%-ը PISA թեստին նախորդող ընդամենը երկու շաբաթում առնվազն մեկ ամբողջ օր բացակայել է դպրոցից։

Հայ աշակերտների 49%-ը ԱԲ-ն օգտագործում է ուսման համար

Հայաստանցի աշակերտները թվային տեխնոլոգիաներ (հեռախոսներ, պլանշետներ և այլն) ու արհեստական բանականությունը (ԱԲ) դիտարկում են՝ որպես ուսումնական գործընթացին աջակցող միջոց։ 

Նրանց 49%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործում է Արհեստական բանականության (ԱԲ) չաթբոտներ՝ ուսման նպատակով։

Միաժամանակ, Հայաստանի աշակերտները դպրոցում թվային սարքերն ուսումնական նպատակներով օգտագործում են օրական միջինում 2.2 ժամ։

Նշվում է, որ նրանք այդ տեխնոլոգիաներն օգտագործում  նոր թեմաներ հետազոտելու, ծավալուն տեքստեր ամփոփելու և գրավոր աշխատանքների սևագրեր պատրաստելու համար։

Միևնույն ժամանակ, դասերին թվային սարքերով շեղվելը հայաստանյան դպրոցներում ավելի քիչ է տարածված, քան ՏՀԶԿ երկրներում։ 

Օրինակ՝ բնագիտության դասերին աշակերտների միայն 17%-ն է նշել, որ դասընկերների ուշադրությունը շեղվում է թվային սարքերի պատճառով, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը 28% է։ 

63%-ն ունի ուսման ձգտում

PISA-ի արդյունքներով՝ հայ աշակերտների մեծ մասը համոզված է, որ մարդու ինտելեկտը, ընդունակություններն ու ակադեմիական հաջողությունները «հնարավոր է զարգացնել հետևողական աշխատանքի, ջանքի և հետադարձ կապի միջոցով»։

Օրինակ, ըստ հարցման, Հայաստանի 15-ամյա աշակերտների 63%-ն ունի ուսման նկատմամբ ձգտում։
Բացի այդ, ի տարբերություն ՏՀԶԿ անդամ երկրների, հայ աշակերտերը բարձր են գնահատում դպրոցի դերը. նրանց միայն 15% է կարծում, որ դպրոցը ժամանակի կորուստ է, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 24%-ի:

PISA-ն՝ հին չափորոշիչներով կրթության ախտորոշում. ԿԳՄՍՆ-ի պատասխանը

PISA-ի արդյունքների հրապարակման օրվանից նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է թեմային՝ ասելով, որ PISA-ին մասնակցելը նախարարության նախաձեռնությունն էր, ու որ իրենք մինչև դա էլ գիտեին հանրակրթության խնդիրների մասին։

«Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձել է պարզաբանել PISA-ի «ցածր գնահատականները»՝ նշելով, որ թեստին մասնակցած աշակերտները սովորել են կրթական հին չափորոշիչներով, որոնց դեպքում գլխավորը գիտելիքն էր։

Նախարարի խոսքով՝ 2021թ․-ին ընդունված նոր չափորոշիչները գիտելիքահեն են ու միևնույն ժամանակ ձևավորելու են հմտություններ ու արժեքներ, հնարավորություն են տալու կյանքում կիրառել ստացած գիտելիքները։

Անդրադառնալով աշակերտների գրագիտության մակարդակին վերաբերող հարցին՝ Ժ. Անդրեասյանը, նշել է՝ թեստը ցույց է տալիս, թե ինչ հմտությունների կարիք ունեն աշակերտները։

«Երբ որ պնդում են, որ մեր աշակերտները անգրագետ են, այդ պնդումը ինքը անգրագետ է։ Չի կարելի նման բան ասել»։

Ժ. Անդրեասյանն ակնկալում է, որ եթե PISA 2029թ․-ին Հայաստանի 15 տարեկան բոլոր աշակերտները կամ առնվազն նրանց մեծ մասը հաղթահարեն թեստի նվազագույն մակարդակը, ապա փաստ կարձանագրվի՝ նոր չափորոշիչներն իրենց գործի մի մասն արել են, և անցել են բոլոր նվազագույն մակարդակները.

«PISA հետազոտությունը, որը չափում է կոմպետենցիաների մակարդակը, այսինքն՝ հմտությունների և կարողությունների մակարդակը, ամենալավ հիմքն էր, որպեսզի մենք այդ տվյալները ստանանք և կարողանանք նաև տեսնել՝ որտեղից ուր պիտի հասնենք»։

Էլ ինչպե՞ս կարելի է ստուգել աշակերտների մաթեմատիկայի և բնագիտության գիտելիքները

Սրան զուգահեռ, կան նաև միջազգային այլ թեստեր, որոնք ևս ստուգում են Հայաստանի աշակերտների գիտելիքները տարբեր առարկաներից։ 

Դրանցից մեկը Կրթական նվաճումների գնահատման միջազգային ասոցիացիայի (IEA) Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների հետազոտությունն է (TIMSS)։ Հետազոտությանը մասնակցում են 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտները և, ի տարբերություն PISA-ի, այս թեստը ստուգում է աշակերտների հենց դպրոցական, դասագրքային գիտելիքները։ 

TIMSS-ը անցկացվում է 4 տարին մեկ։ Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների՝ միայն 4-րդ դասարանցիների համար։ 

Վերջին՝ 2023թ․-ի ուսումնասիրությամբ, Հայաստանի աշակերտները մաթեմատիկայից հավաքել են 513 միավոր, որը 13 միավոր ավելին է, քան IEA-ի սահմանած բազային մակարդակը։ Ընդ որում՝ նախորդ տարիների համեմատ Հայաստանի աշակերտների ստացած միավորն աճել է․ 2003թ․-ին՝ առաջին մասնակցության ժամանակ, հայ աշակերտները հավաքել են 456 միավոր, 20 տարի անց՝ 2023թ.-ին՝ 513։

Բնագիտության դեպքում Հայաստանի աշակերտները հավաքել են 457 միավոր։ Նախորդ տարիների համեմատ աճը կայուն չէ․ 2003թ․-ին Հայաստանի աշակերտները հավաքել են 437 միավոր, ամենաշատը գրանցել են 2019թ․-ին՝ 466։

PISA-ի  դեպքում բնագիտության և ընթերցանության արդյունքներով Հայաստանի միջին միավորները ցածր են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ցուցանիշներից։ Մաթեմատիկայից Հայաստանի արդյունքը ցածր է Վրաստանի և Թուրքիայի ցուցանիշներից, իսկ Ադրբեջանի հետ միջին միավորների տարբերությունը շատ փոքր է։


TIMSS-ի ցուցանիշներով՝ Հայաստանը առաջ է Ադրբեջանից և միայն բնագիտության դեպքում է զիջում Վրաստանին։

Կարևոր է նշել, սակայն, որ թե այս, և թե PISA-ի թեստերն ամբողջությամբ ցույց չեն տալիս Հայաստանի աշակերտների գրագիտության մակարդակը. հետազոտությունները գնահատում են գրագիտությանն առնչվող որոշակի հմտություններ։ 

Այս երկու հետազոտությունները տարբեր նպատակներով են գնահատում աշակերտների գիտելիքներն ու հմտությունները, հետևաբար, դրանց արդյունքները պետք է դիտարկել ոչ թե որպես աշակերտների «գրագիտության» մեկ ընդհանուր չափանիշ, այլ որպես կրթական համակարգի տարբեր կողմերը հասկանալու ցուցիչներ։

 

Հեղինակ` 

Անի Խաչատրյան
Նարե Առուշանյան

 

Մենթոր-խմբագիր`

Տաթև Խաչատրյան

 

Թողնել մեկնաբանություն