«2020 թվականից մինչև այսօր մենք մեր ծառայությունը տանում ենք, որ վերջնականապես գնանք սահմանազատման», – Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Արդյո՞ք կա պետություն, որ առանց պետական սահմանների միջազգայնորեն ճանաչված անկախ է: Մենք ասում ենք անկախ ենք․ կա՞ միջազգայնորեն ճանաչված օրինական պետական սահման։ Ասում ենք, որ 35 տարի է անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման»,- նշել է նա։
Հարցին, թե այդ դեպքում ինչպես է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը նշել է․ «Մեզ ուրիշ պետությունը ինչ թելադրել է, այն էլ արել ենք այս տարիների ընթացքում»:
Լրագրողի պնդմանը, որ աշխարհը ճանաչում է Հայաստանը որպես անկախ պետություն, Միքայելյանը արձագանքել է․ «Մենք պետական սահման ունե՞նք։ Մեր զինծառայողները կանգնած են այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի։ ․․․ Ես գիտեմ, թե այս սահմանները ոնց են պահվել, իմ արյունն էլ է թափվել, ես մահվան ընդառաջ եմ գնացել․․․ ես ասում են, որ նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենը անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- նշել է Միքայելյանը: