Աղի լճի տարածքում սկսված բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել մի շարք այցելուների շրջանում, որոնք մտահոգություն են հայտնել եղեգնուտների հնարավոր վնասման և ծրագրի շուրջ հանրային քննարկումների բացակայության վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, հայտարարում է, որ շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։ Քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում հրապարակել ծրագրի ամբողջական մանրամասները։
«Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։
Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։
Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։
Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։
Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Factor TV-ին նախօրեին զրուցել էր Աղի լճի որոշ այցելուների հետ, որոնք մտահոգություն էին հայտնել, որ նախատեսվող աշխատանքների հետևանքով կարող են ոչնչացվել եղեգնուտները, որոնք կարևոր նշանակություն ունեն լճի էկոհամակարգի պահպանման համար։