armenpress.am Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը չի կառուցի նավթի պահեստարան Ուկրաինայի համար, քանի դեռ իշխում է իր գլխավորած «Տիսա» կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է հունգարական Népszava պարբերականը։
Վարչապետը նաև անընդունելի է անվանել, որ MOL-ը (հունգարական նավթագազային ընկերություն) բանակցել է ուկրաինական «Նաֆտոգազի» հետ՝ առանց կառավարության համաձայնության։
Նրա խոսքով՝ MOL-ը բանակցություններ է սկսել «Նաֆտոգազի» հետ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք, սակայն ներկայիս կառավարությունն անընդունելի է համարում, որ ընկերությունը բանակցություններ է վարել ուկրաինական կողմի հետ՝ առանց կառավարության համաձայնության, որը տիրապետում է բաժնետոմսերի 25%-ին։
Մադյարը նաև հայտարարել է, որ նման օբյեկտի տեղափոխումը Հունգարիա կնշանակի սահմանից այս կողմ տեղափոխել նաև Ռուսաստանի կողմից հարձակումների վտանգը, ինչն ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Հունգարիայի համար։
Միևնույն ժամանակ, վարչապետը հանդես է եկել մատակարարումների դիվերսիֆիկացման օգտին. որքան շատ նավթ և բնական գազ կարողանա հասնել Հունգարիա, այդ թվում՝ Խորվաթիայից, Ռումինիայից, Բալկաններից և Իտալիայից, այնքան ավելի դժվար կլինի շանտաժի ենթարկել երկրին էներգետիկ ոլորտում։
Ըստ MOL-ի՝ իրենք ներկայում գտնվում են նախապատրաստական գործընթացի միայն սկզբում, որը կարող է տարիներ տևել, և որի ընթացքում իրենք ուսումնասիրում են Հունգարիայում պահեստավորման տեխնիկական, ֆինանսական և կարգավորող պայմանները: Ընկերության պնդմամբ՝ քանի որ գործընթացը դեռ երկար ժամանակ է պահանջում, իրենք չեն տեղեկացրել կառավարությանը:
Ընկերությունը նաև պարզաբանել է, որ «Նաֆտոգազի» հետ կնքված համաձայնագիրը համապատասխանում է միջազգային պրակտիկային, որի համաձայն՝ եվրոպական երկրները միմյանց օգնում են պահպանել նավթի և այլ ածխաջրածինների ռազմավարական պաշարները: MOL-ն արդեն իսկ Հունգարիայում պահում է ինչպես ԵՄ երկրներին, այնպես էլ նրա կազմի մեջ չմտնող երկրներին պատկանող պաշարներ:
Ավելի վաղ «Նաֆտոգազ» խումբը հուշագիր է ստորագրել հունգարական MOL ընկերության հետ Հունգարիայում՝ ուկրաինա-հունգարական սահմանի մոտ, Ուկրաինայի համար նավթամթերքի պահեստարաններ կառուցելու վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում