Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին | hetq.am

Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին | hetq.am

hetq.am  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Դոնալդ Թրամփը մնացել է առանց նախագահական փուլի (pool) նկարահանող խմբի։ Նախագահական փուլը լրատվամիջոցների համատեղ աշխատանքի համակարգ է, որի շրջանակում սահմանափակ թվով լրագրողներ և նկարահանող խմբեր լուսաբանում են ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառումները, մուտք ունեն Սպիտակ տուն և ստացված նյութերը փոխանցում են մյուս լրատվամիջոցներին։

Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է։ Փուլի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։

Այս աննախադեպ բոյկոտին նախորդել էր Դոնալդ Թրամփի` սեպտեմբերի 18-ի որոշումը, որով CNN-ին, Politico-ին և MS NOW-ին արգելվել էր աշխատել Սպիտակ տանը։ Թրամփն այդ որոշումը պատճառաբանել էր իր գործունեության վերաբերյալ այս լրատվամիջոցների բացասական լուսաբանմամբ։

Թեև Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը սահմանափակումների տակ չէին հայտնվել, նրանք հայտարարել են, որ, ի նշան գործընկերների հետ համերաշխության, չեն ապահովի նախագահի մասնակցությամբ միջոցառումների հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ այդ սահմանափակումները գործում են։

«Տեղեկացնում ենք, որ այսօրվանից հեռուստատեսային փուլը չի լուսաբանի նախագահի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնք նախատեսված են փուլի լուսաբանման համար»,- ասվում է Fox News-ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար Բրայան Բոութոնի հայտարարությունում։ Բոութոնը ներկայում ղեկավարում է հեռուստատեսային փուլը։

«Փուլի մնացած աշխատանքը կշարունակվի սովորական ռեժիմով՝ ներառյալ Կոնգրեսի, բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Վաշինգտոնում և երկրի տարբեր հատվածներում անցկացվող առանձին միջոցառումների լուսաբանումը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք»,- ասված է հայտարարությունում։

Այսպիսով, ԱՄՆ նախագահը երկուշաբթի Նյու Յորք կմեկնի առանց նախագահական փուլի հիմնական նկարահանող խմբի։ Առաջիկա օրերին Թրամփի օրակարգը հագեցած է նաև բարձր մակարդակի այլ միջոցառումներով։ ԱՄՆ է այցելելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որի հետ Թրամփը աշխատանքային հանդիպումներ է նախատեսում, ինչպես նաև նրա պատվին պետական ընթրիք կազմակերպել։

Նման մասշտաբի իրադարձությունները պահանջում են լայն հեռուստատեսային լուսաբանում, և սկզբում պարզ չէր, թե Սպիտակ տան վարչակազմն ինչպես է հանգուցալուծելու ստեղծված իրավիճակը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը գործարկել է Trump TV ալիքը, որն այս ընթացքում փոխարինելու է նախագահական փուլին։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, CNN-ը, Politico-ն և MS NOW-ն հայտարարել են, որ դատական հայց են ներկայացնելու Թրամփի վարչակազմի դեմ։

Նրանց համատեղ հայտարարության համաձայն՝ լրատվամիջոցները մտադիր են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները՝ «պաշտպանելու այն սկզբունքը, որ Կառավարությունը չպետք է որոշի՝ ինչ թեմաներ է լուսաբանում մամուլը»։

ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունն արգելում է Կառավարությանը սահմանափակել մամուլի ազատությունը։ Դատարաններն այս դրույթն ավանդաբար մեկնաբանում են որպես արգելք՝ լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու՝ նրանց հրապարակումների բովանդակության հիմքով։

«Առանց որևէ նախնական ծանուցման կամ սահմանված ընթացակարգի Սպիտակ տունը չեղարկել է մեր լրագրողների հավատարմագրերը, քանի որ իրեն դուր չի եկել մեր լուսաբանումը»,- ասված է CNN-ի, Politico-ի և MS NOW-ի համատեղ հայտարարությունում։ «Եթե այս որոշումը չվիճարկվի, այն սպառնալիք կստեղծի մամուլի ազատության և հասարակության՝ պետական միջամտությունից զերծ անկախ լրատվություն ստանալու իրավունքի համար»,- նշել են լրատվամիջոցները։

Դրանից կարճ ժամանակ անց Թրամփը Truth Social-ում գրել է, որ Սպիտակ տունը «չի հարձակվում ազատ մամուլի դեմ», իսկ իր գործողություններն ուղղված են կեղծ լուրերի դեմ։

CNN-ը Սպիտակ տան հեռուստատեսային փուլում ուղիղ հեռարձակումներ ապահովող ամերիկյան հինգ լրատվամիջոցներից մեկն է։ Ռոտացիայի համաձայն՝ հեռուստաընկերությունը երկուշաբթի և երեքշաբթի պետք է լուսաբաներ Թրամփի այցը Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով։

Սակայն երկուշաբթի առավոտյան Սպիտակ տան մամուլի գոտու նկուղային հատվածում գտնվող՝ CNN-ի հինգ աշխատակցի համար նախատեսված սենյակը, որտեղ հեռուստաընկերության աշխատակիցները սովորաբար աշխատում են վաղ առավոտից մինչև օրվա ավարտ, փակ էր և դատարկ։ Սենյակի էկրաններն ու մոնիտորներն անջատված էին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն