armenpress.am Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի մոտեցման հիմնական դրույթն այն է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի ստատուս քվոյի՝ առկա իրավիճակի վրա։ Հետագա որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար ընդունելի չէ։
Այդ կարծիքը «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողում հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Իրանի սկզբունքային դիրքորոշումն է՝ Հարավային Կովկասում պահպանել առկա ստատուս քվոն թե՛ տարածքային, թե՛ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Երկրորդ կետն այն է, որ տարածաշրջանում մեզ անհրաժեշտ է նոր հավասարակշռություն, քանի որ խաղաղության մասին խոսույթը լավն է և օգտակար, սակայն այն ինքնին բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և պահպանելու համար։ Եթե մենք իսկապես ձգտում ենք իրական և կայուն խաղաղության, ապա անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Սա չափազանց կարևոր և նշանակալի է։ Եվ հենց դա էլ Իրանը ձգտում է հաստատել այս տարածաշրջանում՝ ուժերի նոր հավասարակշռություն, որը տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության իրական երաշխիքն է»,- ասաց Շիրղոլամին։
Նրա դիտարկմամբ՝ եթե հավասարակշռություն չլինի, իրավիճակը կլինի փխրուն։ Դիվանագետի համոզմամբ՝ նույնիսկ եթե կողմերի մտադրությունները դրական են, դա բավարար չէ խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային դինամիկան և ձևաչափերն ավելի կայուն և արդյունավետ են տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության և զարգացման համար։ Իհարկե, այս տարածաշրջանում չգտնվող այլ տերությունների օրինական շահերն ընդունելի են և հասկանալի։ Նրանք ունեն որոշակի օրինական շահեր, և դա միանգամայն բնական է, բայց միևնույն ժամանակ, եթե փորձ է արվում այս տարածաշրջանը վերածել բացասական մրցակցության կամ հակամարտության ասպարեզի, դա դրական ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում դա լուրջ հետևանքներ կունենա՝ խաթարելով հենց այս տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը»,- նշեց դեսպանը։
Շիրղոլամին վստահեցրեց, որ իրանական կողմը սատարում է փոխկապակցվածությանն ուղղված գաղափարները։
«Մենք ողջունել ենք վարչապետ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարն ու ծրագիրը։ Մենք կարծում ենք, որ այդ խաչմերուկն ունի տարբեր ուղղություններ՝ արևելք-արևմուտք, արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ, հարավ-հյուսիս։ Եվ եթե կան փոխկապակցվածությանն ուղղված ծրագրեր, ապա պետք է օգտագործել ու կյանքի կոչել յուրաքանչյուր հնարավորություն և ներուժ»,- ասաց դիվանագետը։
Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ Շիրղոլամին հայտնեց, որ եթե այն բավարարի որոշակի նախապայմանների, դա դրական կլինի տարածաշրջանում զարգացման և խաղաղության համար։
«Միաժամանակ մենք գտնում ենք, որ Հայաստանն ունի նաև այլ մեծ ներուժ՝ հանդիսանալու կապող օղակ Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և ավելի լայն տարածաշրջանի միջև, և այդ ներուժը նույնպես պետք է օգտագործվի ու կյանքի կոչվի։ Ուստի մենք սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» և փոխկապակցվածության գաղափարներին՝ պայմանով, որ բավարարվեն որոշակի պայմաններ կամ նախապայմաններ»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում