Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է ԱՄՆ | armenpress.am

Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է ԱՄՆ | armenpress.am

armenpress.am Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տիկնոջ հետ պետական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Մերիլենդի Էնդրյուս ռազմական օդանավակայանում նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկին Մելանյա Թրամփը։

Ինչպես հաղորդում է ամերիկյան CNN-ը, սա Սի Ծինփինի առաջին այցն է Վաշինգտոն 2015 թվականից ի վեր։

Դիմավորման արարողության ժամանակ առաջնորդներն ու նրանց կանայք ձեռք են սեղմել, մի քանի րոպե զրուցել և լուսանկարվել։

Reuters-ը հաղորդում է, որ սա վերջին 11 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը օտարերկրյա առաջնորդի դիմավորում է Էնդրյուս ռազմակայանում։ Նախորդ նման ընդունելությունը տեղի էր ունեցել 2015 թվականին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ժամանակ՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։

Այցի կապակցությամբ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահություն հայտնելով, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները՝ որպես խոշոր պետություններ, կարող են նոր դարաշրջանում գտնել միմյանց հետ հարաբերությունների ճիշտ ձևը։ «Այս տարին վճռորոշ տարի է Չինաստանի և Միացյալ Նահանգների զարգացման համար», – Xinhua-ի փոխանցմամբ, ասել է Սի Ծինփինը ԱՄՆ պետական այցի շրջանակում ժամանելուց հետո հրապարակված գրավոր ելույթում։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է գործընկերներ լինեն, ոչ թե մրցակիցներ», -նշել է նա։

Սի Ծինփինը նշել է, որ իր և Թրամփի՝ մայիսին Չինաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը նրանք պայմանավորվել են կառուցել ռազմավարական կայունության վրա հիմնված չին-ամերիկյան հարաբերություններ։ «Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է շարժվեն նույն ուղղությամբ և խթանեն կայուն հարաբերություններ, որոնց հիմքում կլինեն համագործակցությունը, չափավոր մրցակցությունը, կառավարելի տարաձայնություններն ու խաղաղության պահպանման հանձնառությունը», – ասել է Սի Ծինփինը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն