armenpress.am Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ երկիրը «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով ընտրություններ կանցկացնի։ Այդուհանդերձ, նա քվեարկության հստակ ժամկետ չի նշել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես ուզում եմ դա շատ հստակ հայտարարել այս Գլխավոր ասամբլեայում․ Վենեսուելայում ընտրություններ են լինելու», – ասել է Ռոդրիգեսը, որը իշխանության է եկել այն բանից հետո, երբ 2026 թվականի հունվարին ԱՄՆ ուժերը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Ռոդրիգեսի խոսքով՝ կառավարությունը բանակցություններ է սկսել ընդդիմության հետ և երաշխավորելու է բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը։ Նա հավելել է, որ ազգային հաստատությունները նախապատրաստվում են ընտրական գործընթացին։
«Վենեսուելան սկսել է ժողովրդավարական վերափոխման գործընթաց՝ իր վերածննդի համար։ Դրա նպատակն է կառուցել բոլորի համար ավելի ազատ, ավելի բարեկեցիկ և ինքն իր հետ ավելի հաշտ երկիր», – ասել է Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Վենեսուելային՝ «անորոշության և հակամարտության փուլից դեպի լիարժեք ժողովրդավարության փուլ» անցնելու գործընթացում։
Վենեսուելայի և ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում ևս ընդգծել են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ առանց ընտրությունների հստակ ժամկետներ սահմանելու։ Ընդդիմությունը նման ընտրությունների անցկացման համար կարևոր պայման է համարում անկախ Գերագույն դատարանի և Ազգային ընտրական խորհրդի ձևավորումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում