Հայաստանը ձգտում է Երևանում COP17-ը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը. նախարար | news.am

Հայաստանը ձգտում է Երևանում COP17-ը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է «Բնապահպանական բազմակողմ համագործակցության նորացում․ հարմարվելով այսօրվա մարտահրավերներին և վաղվա հնարավորություններին» խորագրով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը։

Նախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է, որ այսօր խնդիրը բազմակողմ համագործակցության կարևորությունը վերագնահատելը չէ, այլ այն ժամանակակից մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու և գործնական արդյունքներ ապահովելու կարողությունը։

Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է երեք առանցքային ուղղության՝ գլոբալ հանձնառություններից գործնական իրականացման անցմանը, բազմակողմ համագործակցությունը լրացնող նախաձեռնությունների արդյունավետ կիրառմանը և առավել ուժեղ քաղաքական առաջնորդության անհրաժեշտությանը։

Նախարարը ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, հետևաբար դրանց արձագանքները ևս պետք է լինեն առավել համակարգված։

Որպես COP17-ը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկիր՝ Հայաստանը ձգտում է Երևանում կայանալիք համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը, հավակնություններն ու իրականացման միջոցները, ինչպես նաև գլոբալ որոշումներն ու ազգային և տեղական մակարդակներում իրականացվող գործողությունները։

Սա է Հայաստանի COP17 նախագահության և «Taking Action for Nature»՝ «Գործողություններ հանուն բնության» կարգախոսի հիմքում ընկած մոտեցումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն