arm.sputniknews.ru ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Sputnik Արմենիային դատարանից հայտնեցին, որ Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը։
Նշենք, որ Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է հուլիսի 9–ին։
Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ-ի, ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից: