ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված միջոցառմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար | shantnews.am

ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված միջոցառմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։

Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ միասին։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կապակցվածության օրակարգին, 2025թ. օգոստոսի 8-ից ի վեր արձանագրված կարևոր ձեռքբերումներին։

Իր խոսքում նախարար Միրզոյանն ընդգծել է ԱՄՆ վճռական ներգրավածությամբ կայացած՝ օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային ապաշրջափակման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է գետնի վրա խաղաղության առկայությամբ պայմանավորված շոշափելի փոփոխությունները քաղաքացիների համար, ինչպես նաև խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումները։ ԱԳՄԱ նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արձանագրված շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումային հնարավորություններին։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն