arm.sputniknews.ru Հայաստանից սնդիկ պարուկանող ապրանքների արտահանումն ու ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նպատակն է մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար»,– ասված է որոշման մեջ։
Որոշման մեջ նշվում է, որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն, սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Բացի այդ, սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։
Այս որոշման ընդունումը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունների միասնական համակարգով։