Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր:
Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը»,- նշում են ՀՎԿԱԿ-ից։
Նշենք, որ երեկվանից սպառողները ահազանգում են, որ ծորակից պղտոր ջուր է գալիս։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը երեկ հայտնել էր, որ վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը։ Այսօր ընկերությունը նշել է, որ վթարի հետեւանքները դեռ վերացված չեն, ջրամատակարարումը վերականգնված չէ ջրատարից սնվող տարածքներում։
«Նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։ Սակայն այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ», – հայտնել էին «Վեոլիա ջրից»։