Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է | armenpress.am

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է | armenpress.am

armenpress.am Վրաց-ռուսական սահմանի «Դարյալի» հսկիչ անցակետի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ Դևդորակի հովտում ազդարարման համակարգերը գրանցել են ջրի մակարդակի բարձրացում գետաբերանի հատվածում։ Դրա հետևանքով «Դարյալի» հսկիչ անցակետում գտնվող քաղաքացիները, պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները անվտանգ վայր են տարհանվել։

Նաև անվտանգության նկատառումներով սահմանափակվել է ավտոմոբիլների երթևեկությունը երկու ուղղություններով։

Միևնույն ժամանակ, ինչպես Telegram-ալիքում հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչությունը, արգելված է բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը հանրապետության Ռազմավիրական ճանապարհի  հատվածում։

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2026 . սեպտեմբերի 25-ի ժամը 06:20-ից մինչև հատուկ կարգադրությունն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն