Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը | armenpress.am

Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը | armenpress.am

armenpress.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ներկայիս կառուցվածքն ի վիճակի չէ լիարժեք կատարել միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները՝ կրկին հանդես գալով Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացման օգտին։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Նյու Յորքի «Թուրքական տանը» լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում իր այցը։

Էրդողանի խոսքով՝ ավելի քան 190 պետությունների կամքը ներկայում սահմանափակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքով։

Նա առաջարկել է ուժեղացնել Գլխավոր ասամբլեայի դերը և անցնել այնպիսի համակարգի, որտեղ Անվտանգության խորհրդի անդամները կընտրվեն որոշակի ժամկետով, իսկ վերընտրվել ցանկացող երկրները կրկին պետք է ստանան միջազգային հանրության վստահությունը։

Էրդողանն անդրադարձել է նաև Նյու Յորքում իր հանդիպումներին՝ նշելով, որ բանակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իրաքի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի և Կատարի ղեկավարների հետ։

Նրա խոսքով՝ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային անկայունության և հակամարտությունների կանխմանն ուղղված քայլերը։

Էրդողանը հանդես է եկել Հորմուզի նեղուցով ազատ նավարկության պահպանման օգտին

Անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակն այլևս միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիր չէ և անմիջական ազդեցություն ունի համաշխարհային էներգետիկ շուկաների ու առևտրի վրա։

«Մենք դեմ ենք Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելուն։ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության պահպանումը պարտադիր պայման է»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ լարվածությունն անմիջականորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների և տրանսպորտային ոլորտի վրա։

Նա ընդգծել է բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետք է «ոչ թե նոր ճակատներ բացել, այլ դիվանագիտական նոր ուղիներ»։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ակտիվացրել է Սև ծովով հացահատիկային միջանցքի վերականգնմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Նրա խոսքով՝ Անկարան կողմերին փոխանցում է, որ անհրաժեշտ է վերականգնել Սև ծովում նավարկության անվտանգությունը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան անընդունելի է համարում առևտրային նավերի դեմ հարձակումները՝ անկախ նրանից, թե որ կողմն է դրանք իրականացնում։

Էրդողանը հայտնել է, որ այդ հարցը կրկին քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և, իր խոսքով, դրական պատասխան է ստացել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն