armenpress.am Երուսաղեմում Յոմ Կիպուրի տոնի ժամանակ պղպեղային սփրեյ են ցողել 9-ամյա հայ երեխայի ուղղությամբ։ Իսրայելական Channel 13-ի լրագրող Յոսի Էլին X-ի իր էջում հայտնել է, որ Վիլյամ անունով տղան հեծանիվ է վարել Երուսաղեմի Մամիլա թաղամասի մոտ՝ ականջակալներով երաժշտություն լսելով։ Լրագրողի փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ սպառնալիքներով մոտեցել են երեխային և պահանջել հանել ականջակալները, ինչից հետո նրա ուղղությամբ պղպեղային սփրեյ են ցողել։
Լրագրողը հրապարակել է նաև կադրեր, որոնցում երեխան շտապօգնության մեքենայում բուժօգնություն է ստանում։ Նա հարձակվողներին ներկայացրել է որպես հրեա ծայրահեղականներ։
Լրագրողի տեղեկություններով՝ սա երեխայի նկատմամբ երկրորդ հարձակումն է։ Առաջին դեպքի ժամանակ Վիլյամի հետ եղել է հայրը և պաշտպանել նրան, իսկ այս անգամ երեխան միայնակ է եղել։
Լրագրողը պնդում է, որ միջադեպն արձանագրվել է անվտանգության տեսախցիկներով, սակայն ոստիկանությունը գործը փակել է՝ որևէ մեկին չձերբակալելով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում