Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը | armenpress.am

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Լիխտենշտայնի և Ավստրիայի կողմից կազմակերպված Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է աճող միջազգային արդի ճգնաժամերի համատեքստում միջազգային իրավական կառույցների արդյունավետության և վստահելիության պահպանման կարևորությունը։

Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից իր մանդատի անկախ և անաչառ իրականացմանը՝ Հռոմի կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։

ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Հռոմի կանոնադրության համակարգում Հայաստանի ներգրավվածության շրջանակներում ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Այս համատեքստում կարևորվել է տեխնիկական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնումը։

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը նախարարական ոչ պաշտոնական ցանցի անդամների, Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի և Միջազգային քրեական դատարանի հետ՝ արդյունավետ, անկախ, անաչառ և տուժողների իրավունքների վրա հիմնված միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն