azatutyun.am Ռուսաստանն առաջիկա ամիսներին կավելացնի եվրոպական երկրների վրա հիբրիդային հարձակումների թիվը, սակայն ուղղակի ներխուժման ռիսկը նվազագույն է, ասվում է Դանիայի ռազմական հետախուզական գործակալության նոր զեկույցում:
Ռուսաստանի սպառնալիքների գնահատման մասին զեկույցում հետախուզության պաշտոնյաները պնդում են, որ իրավիճակը վատթարացել է նախորդ զեկույցի համեմատ, որը հրապարակվել էր 2025 թվականի փետրվարին:
Նշվում է, որ աճել են դիվերսիաների, կիբեռհարձակումների, ռուսական անօդաչու թռչող սարքերի ՆԱՏՕ-ի տարածք ներխուժման և Բալթիկ ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի ագրեսիվ վարքագծի դրսևորման դեպքերը: Հետախուզությունը կարծում է, որ այս ոլորտում հետագա սրացում է սպասվում:
Կոպենհագենը կարծում է, որ դրա պատճառը ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակն է։ «Ռուսաստանն այժմ ավելի մեծ ճնշման տակ է, քան երբևէ պատերազմի սկսվելուց ի վեր: Ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի կանոնավոր հարձակումները Ռուսաստանի խորքում ավելի ու ավելի մեծ վնաս են հասցնում», – նշվում է զեկույցում։
Հետախոզությունը նաև պնդում է, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում, մինչդեռ Ուկրաինայում նրա տարածքային նվաճումները նվազագույն են։ «Ռուսաստանի տնտեսությունը մեծ ճգնաժամի եզրին է՝ ռազմական ծախսերի, միջազգային պատժամիջոցների և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով»,- ասվում է փաստաթղթում:
Գերատեսչությունը նաև նշում է, որ «չկան նշաններ, որ Ռուսաստանը հաջորդ վեց ամիսների ընթացքում որևէ էական շրջադարձային կետի կհասնի Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմում։ Միևնույն ժամանակ, չափազանց անհավանական է, որ նախագահ Պուտինը զիջումների գնա պատերազմի գլխավոր նպատակների հարցում»։
Ընդորում, ըստ զեկույցի, Ռուսաստանը կարծում է, որ Եվրոպան մտադիր է զարգացնել իր սեփական ինքնավար զինված ուժերը, և որ մինչև 2030 թվականը դրանք սպառնալիք կներկայացնեն Ռուսաստանի համար: Հետևաբար, Մոսկվան գալիք տարիները դիտարկում է որպես հնարավորությունների պատուհան, երբ նախագահ Պուտինը կարող է որոշել, որ արժե ռիսկի դիմել՝ փորձելով արմատականորեն վերանայել եվրոպական անվտանգության կարգը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում