Իրանն ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել, որը թույլ կտա 7 օրում վերաբացել Հորմուզը. Արաղչի | azatutyun.am

Իրանն ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել, որը թույլ կտա 7 օրում վերաբացել Հորմուզը. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է նոր առաջարկ, որը հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթ օրում և վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, Նյու Յորքում հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Financial Times-ը:

«Մենք միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին ներկայացրել ենք մի ծրագիր, որ եթե որոշակի պայմաններ բավարարվեն… նեղուցը կբացվի յոթ օրից»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո Իրանն ու ԱՄՆ-ն կվերսկսեն բանակցությունները վերջնական համաձայնագրի համար:

Ըստ Թեհրանի՝ նոր առաջարկը հիմնված է հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի վրա։ Այդ համաձայնագիրը 60 օրով երկարաձգում էր ապրիլյան հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն պետք է արտոնություններ տրամադրեր իրանական նավթի արտահանման համար, և Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է աստիճանաբար վերադառնար նախապատերազմյան մակարդակին, մինչ երկու հակառակորդները կբանակցեին երկարատև կարգավորման պայմանների շուրջ։

Իսրայելը նաև պետք է անհապաղ դադարեցներ իր ռազմական գործողությունները Լիբանանում, Իրանը և հարևան Օմանը էլ «որոշեին» նեղուցով ծովային երթևեկության ապագա կառավարումը: Սակայն համաձայնագիրը խախտվեց հուլիսի սկզբին, երբ Իրանը սկսեց կրակ բացել այն նավերի վրա, որոնք, ըստ նրա, օգտագործում էին նեղուցով տարանցման «անօրինական» երթուղի։

ՄԱԿ-ում իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանի կառավարությանը գործարքի կնքումը հետաձգելու մեջ։ Թրամփն ասել է, որ կարող է իրանցիներին «դժոխք նետել՝ առանց գոյատևման որևէ հնարավորության», եթե չհամաձայնվեն իր պայմաններին: Թրամփն, այդուհանդերձ, հույս էր հայտնել, որ կկարողանան Թեհրանի հետ համաձայնության գալ նախքան ԱՄՆ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջնաժամկետ ընտրությունները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն