armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ և քննարկել երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը և Լատինական Ամերիկայում Իսրայելի համար տեղի ունեցող դրական ռազմավարական տեղաշարժը։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Երկու առաջնորդները քննարկել են իրենց երկրների միջև շարունակական համագործակցությունը և Լատինական Ամերիկայում Իսրայելի համար տեղի ունեցող դրական ռազմավարական տեղաշարժը, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու նախագահ Միլեյի նախաձեռնած «Իսահակի համաձայնագրերը»՝ խորացնելով անվտանգության և տնտեսական ոլորտներում համագործակցությունն Իսրայելի և Լատինական Ամերիկայի երկրների միջև», – նշված է հաղորդագրության մեջ։
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միլեյի կողմից «Իսրայելի Պետությանը ցուցաբերած անսասան և անվերապահ աջակցության» համար։
«Դուք պաշտպանում եք ճշմարտությունը։ Ձեզ չի հուզում ոչինչ, բացի ճշմարտությունը բարձրաձայնելուց։ Ահա թե ինչու եք դուք սատարում Իսրայելին․ մենք կիսում ենք արդարության և ճշմարտությունը բարձրաձայնելու ընդհանուր արժեքները, և ոչ ոք չի կարողանում դա անել այնպես, ինչպես դուք»,- նշված է հայտարարության մեջ։
Նեթանյահուն Արգենտինայի նախագահին անվանել է «մեր ժամանակների մեծագույն առաջնորդներից մեկը»։
Արգենտինայի նախագահն իր հերթին երախտագիտություն է հայտնել Նեթանյահուին՝ նշելով, որ նա «համաշխարհային պատմության մեծագույն առաջնորդներից է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում