ՀԷՑ Անվտանգության և վերահսկողության տնօրենության կողմից արդեն մեկնարկել և այս պահին իրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է տրվել նաև իրավապահ մարմիններին՝ հետաքննելու միջադեպի բոլոր հանգամանքներն ու հնարավոր վարկածները։
ՀԷՑ-ը նաև անկախ փորձաքննություն կպատվիրի մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության՝ էներգատեխնիկական և հրդեհային փորձաքննություն ևս անցկացնելու նպատակով։
Շնորհակալություն եմ հայտնում հրդեհաշիջման և փրկարարական գործողությանը մասնակից՝ ՆԳՆ Փրկարար ծառայության բոլոր հրշեջ-փրկարարներին և ԱՆ Շտապ օգնության բրիգադներին. հիրավի հերոսական աշխատանք է տարվել այսօր»,- գրել է նա։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։