Թեժ մրցակցություն Արթիկում և պասիվ նախընտրական շրջան Ախուրյանում առաջիկա ՏԻՄ ընտրություններում | hetq.am

Թեժ մրցակցություն Արթիկում և պասիվ նախընտրական շրջան Ախուրյանում առաջիկա ՏԻՄ ընտրություններում | hetq.am

hetq.am Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններն Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում ընթանալու են տարբեր սցենարներով: Արթիկում ընտրություններին մասնակցելու հայտ  է ներկայացրել 4 կուսակցություն, իսկ Ախուրյանում՝ մեկ: Հոկտեմբերի 1-ից պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:

Արթիկը, նախկին շրջանային մոդելով, խոշորացել էր 2021թ-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով: Հինգ տարի առաջ որևէ ուժի չէր հաջողվել միանձնյա իշխանություն ձևավորել: Արթիկ խոշորացված համայնքը ղեկավարելու համար «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարման հուշագիր էր ստորագրվել:

Չորս տարի համայնքը կառավարելուց հետո, «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ, Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն այս տարվա հունիսի 23-ին հրաժարական էր ներկայացրել: Պաշտոնական ձևակերպմամբ, կողմերի միջև ի հայտ էին եկել կադրային քաղաքականության և հաշվետվողականության վերաբերյալ տարաձայնություններ: Հուշագրի խզումը որոշակի խնդիրներ էր առաջացրել նաև ավագանու աշխատանքում: Իսկ ոչ պաշտոնական, բայց Արթիկում ակտիվ շրջանառվող լուրերի համաձայն, հուշագրի խզման պատճառը եղել է Արտակ Հարությունյանի աջակցությունը «Ուժեղ Հայաստանին» համապետական ընտրությունների ժամանակ:

Արթիկ խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը(81 թեկնածու) գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը (հանրությանն առավել հայտնի է որպես գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ): Մյուս թեկնածուն՝ Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետ(ղեկավարել է 2016-18թթ.) և նախկին ՀՀԿ-ական պատգամավոր (2003-2007թթ.) Մխիթար Վարագյանը համայնքապետի պաշտոնի համար պայքարելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով(31 թեկնածու):

Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ցուցակը(31 թեկնածու) գլխավորում է Արթուր Աստոյանը, ով Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 4-րդ ուժը «Հայրենիք» կուսակցությունն է, որի ցուցակը(19 թեկնածու) գլխավորում է Լևոն Վահրադյանը:

Երկու ամիս առաջ շրջանառվող խոսակցությունները, որ Արթիկում Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես կգա իր թեկնածուով՝ չհաստատվեցին: ՀՅԴ-ն հոկտեմբերի 25-ին մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, սակայն, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Արտաշատ, Մարտունի, Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում:

Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքական ուժերից մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը: Ցուցակում ընդգրկված է ավագանու անդամի 80 թեկնածու:

Դեռևս համապետական ընտրությունների նախընտրական շրջանում ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների մասնակցության մասին: ԲՀԿ-ը ցուցակն Ախուրյանում գլխավորելու էր համապետական ընտրություններից առաջ աշխատանքից ազատված փոխհամայնքապետ Կարեն Սերգոյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո կուսակցության ներկայացուցիչների հավակնությունները երկրորդ պլան մղվեցին: Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի մինչև վերջ ձգվող լռությունն ու այդպես էլ մասնակցության հայտ չներկայացնելը պայմանավորված էր նախընտրական ցուցակն առաջնորդողի բացակայությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն