armenpress.am Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը Ուկրաինայից պահանջել է պաշտոնական պարզաբանում և ներողություն՝ հայտարարելով, որ Կիևը միակողմանիորեն հրապարակել է հյուսիսկորեացի ռազմագերիներին Հարավային Կորեային փոխանցելու մասին տեղեկությունը՝ չնայած այդ հարցը գաղտնի պահելու վերաբերյալ նախնական համաձայնությանը։ Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Ուկրաինայի՝ հետագայում գաղտնիության մասին որևէ համաձայնության գոյությունը հերքելը կեղծ էր և վնասել է երկու կառավարությունների միջև վստահությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Նախագահի գրասենյակը խոր ափսոսանք է հայտնում Ուկրաինայի կողմից տեղեկությունը միակողմանիորեն հրապարակելու, ապա հայտարարելու համար, թե գաղտնիության մասին համաձայնություն չի եղել»,- տարածված հայտարարության մեջ ասել է նախագահի հասարակայնության հետ կապերի հարցերով ավագ քարտուղար Սոնգ Գի Հոնգը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կառավարությունը քննարկում է այս հարցի առնչությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։
Սոնգի խոսքով՝ Ուկրաինան տարբեր կապուղիներով բազմիցս քննարկել է ռազմագերիների փոխանցման հարցը Սեուլի հետ և խնդրել պահպանել դրա գաղտնիությունը՝ պատճառաբանելով, որ տեղեկության հրապարակումը կարող էր Ուկրաինայում քննադատության պատճառ դառնալ այն հիմքով, թե Կիևը հրաժարվել է զինվորներին ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու հնարավորությունից։
Սոնգ Գի Հոնգը նշել է, որ Հարավային Կորեան համաձայնել էր գաղտնի պահել փոխանցման փաստը՝ հաշվի առնելով անվտանգության, դիվանագիտական և հումանիտար նկատառումները, այդ թվում՝ ռազմագերիների և նրանց ընտանիքների անվտանգությունը։
Նա հիշեցրել է, որ ուկրաինական կողմը, փաստորեն, հրապարակել է գերիների փոխանցման մասին տեղեկությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ՝ առանց Հարավային Կորեայի հետ անհրաժեշտ խորհրդակցությունների։ Դրանից հետո Կիևը հերքել է գաղտնիության մասին որևէ համաձայնության գոյությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում