civilnet.am Ադրբեջանցի աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովը 30 օրով վարչական կալանքի է ենթարկվել։ Այս մասին Meydan TV-ին հայտնել է նրա կինը։
«Աբգյուլն այսօր առավոտյան զանգեց։ Ասաց, որ երեկ իրեն տարել են Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչություն։ Այսօր տեղափոխել են Բինագադի։ Հիմա փաստաբանը պետք է հանդիպի նրան։ Մեքենայի բանալիներն ու հեռախոսը վերցրել են»,- Meydan TV-ին ասել է Զահրա Սուլեյմանովան։
Սուլեյմանովին մեղադրել են ոստիկանության աշխատակցի պահանջին դիտավորյալ չենթարկվելու մեջ, սակայն ընտանիքը պնդում է, որ կալանքը կապված է սոցիալական ցանցերում նրա գրառումների հետ, որոնցում նա քննադատել էր դպրոցներում հիջաբ կրող աղջիկների նկատմամբ հնարավոր արգելքը։
«Եթե համարձակվեն հիջաբով դպրոց հաճախող աղջիկներին արգելել սովորել, ես կընտրեմ բանտն ու այնտեղ կմեռնեմ։ Ամեն դեպքում այս երկրում բոլորը բանտային կյանքով են ապրում»,- սեպտեմբերի 22-ին Facebook-ում գրել էր Սուլեյմանովը։
Սուլեյմանովն այս հայտարարություններն արել է, երբ Բաքուն հուլիսին փոփոխություններ մտցրեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքում՝ հանրակրթական համակարգը աշխարհիկ դարձնելու համար։
Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս բազմիցս սահմանափակել են դպրոցներում հիջաբի կրումը, ինչը տեղի կրոնական գործիչների բողոքների պատճառ է դարձել։
2026-ի մարտին սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, թե երկրի տարբեր դպրոցներում հիջաբ կրող աշակերտներին թույլ չեն տալիս մասնակցել դասերին՝ պատճառաբանելով հագուստի կանոնների խախտումը։
Բաքուն հրապարակայնորեն չի հայտարարել, որ պատրաստվում է դպրոցներում հիջաբի արգելք սահմանել։
2010-ի նոյեմբերին Կրթության նախարարությունը փորձել էր նման արգելք մտցնել, սակայն Բաքվում, Գյանջայում և այլ քաղաքներում զանգվածային բողոքներից հետո հետ կանգնեց որոշումից։ Այնուամենայնիվ, բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվեցին։
Սա նաև Սուլեյմանովի առաջին ձերբակալությունը չէ։ Դպրոցներում հիջաբի արգելքի դեմ նախորդ բողոքի ցույցերի ժամանակ՝ 2011-ի օգոստոսին, նրան մեղադրեցին անկարգություններ կազմակերպելու, հասարակական կարգը խախտելու փորձի և մարդկանց անհնազանդության դրդելու մեջ։ Սկզբում նրան ձերբակալել էին թմրանյութ պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ Սուլեյմանովը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց 2022-ի սեպտեմբերին։
Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ ազատազրկման դատապարտված կրոնական գործիչների մեծ մասը կալանավորվել է թմրանյութ պահելու շինծու մեղադրանքներով։ Ըստ նրանց՝ սա իշխանությունների համար անցանկալի կամ սպառնալիք համարվող մարդկանց, իսկ բազմաթիվ կալանավորված մուսուլմանների դեպքում՝ Իրանի օգտին աշխատող գործակալների կերպար ստեղծելու հեշտ միջոց է։
«Եթե իրավապահ մարմինները ցանկանում են որևէ մեկին ձերբակալել, ընտրում են ամենահարմար տարբերակը՝ թմրանյութ պահելու մեղադրանքը»,- 2024-ի նոյեմբերին ձերբակալությունների հերթական ալիքից հետո OC Media-ին ասել էր իրավապաշտպան փաստաբան Ֆարիզ Նամազլին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում