arm.sputniknews.ru Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց է նախաձեռնել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ներկայացնելու համար՝ կապելով դա քրդերի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թեմայի հետ։ Այս մասին հայտնում է I24 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելի միջգերատեսչական խմբին և Միջազգային իրավունքի դեպարտամենտի տնօրենին Նեթանյահուն հանձնարարել է սկսել Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ ՄՔԴ հայցի նախապատրաստման գործընթաց՝ քրդերի նկատմամբ նրա վերաբերմունքի և ՀԱՄԱՍ–ին ֆինանսավորելու համար», – ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ։
Իսրայելի վարչապետի այդ քայլը հաջորդել է Թուրքիայի արդարադատության նախարարության` Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» տալու մասին Ինտերպոլին հայց ուղարկելուն, որով փորձում են հասնել նրա կալանավորմանը։
Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը կարող է ինքնուրույն հայց ներկայացնել ՄՔԴ, սակայն ավելի հավանական է, որ Իսրայելի իշխանությունները գործ հարուցելու համար կօգտվեն միջնորդի ծառայություններից։
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Իսրայելն ու Թուրքիան չեն ճանաչում ՄՔԴ-ի հեղինակությունը, քանի որ չեն ստորագրել Հռոմի ստատուտը։
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը սկսելուց ի վեր։ Անկարան բազմիցս մեղադրել է Իսրայելի իշխանություններին պաղեստինցիների դեմ ուժի անհամաչափ կիրառման մեջ, արգելափակել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է: