ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը | shantnews.am

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալն ընդգծել է ԵՄ հետ գործընկերության խորացման հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը՝ համաձայն ՀՀ ԱԺ կողմից ընդունված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման պատմական հանգրվանի։

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթերի արդյունավետ իրականացման կարևորությունը և քննարկվել են անվտանգային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ Կապակցվածության գործընկերությանը, այդ թվում՝ Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով վերջերս ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու մասին կարգավորման ընդունումը, որով Հայաստանը դարձել է միակ երկիրը, որը, չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հաստատված խաղաղության շնորհիվ ստեղծված տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն