azatutyun.am Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»:
Այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետևանքով խորհրդարանից դուրս մնաց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը», իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ`կազմելով խորհրդարանը 3/5-ը:
Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿՀԸ-ի այս որոշումը ազդել է ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հորդորել են փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հստակ կարգավորվի կրկնակի քվեարկության անցկացումը:
Նոր քվեարկություն չնշանակելու որոշումը ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանն այսպես էր պարզաբանել. եթե հիմնական ընտրություններին մարդիկ քվեարկում էին առանց արդյունքներն իմանալու, ապա վերաքվեարկության դեպքում տեսնում են, թե ում քանի ձայն է պակասում։ Սա, ԿԸՀ նախագահի մեկնաբանությամբ, կհանգեցներ հաշվարկված քվեարկության, երբ քաղաքացին քվեարկում է վերջնական արդյունքը միտումնավոր փոխելու համար։
Եվրոպացի դիտորդները այլ խնդիրներ ևս առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը, խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի զրկումը ընտրական իրավունքից՝ խորհրդարանական լուրջ հետևանքներով։
Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների». – «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում