Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերն է քննարկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցների հետ։ Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը վեհափառին է ներկայացրել Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։
Քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։
Հանդիպման ժամանակ մասնակիցներն անդրադարձել են նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց եկեղեցու դեմ արշավին»,- նշված է հաղորդագրությունում։