civilnet.am Ավստրալիան Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման հետ կապված պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ է կիրառել Ախմատ Կադիրովի հիմնադրամի նկատմամբ։ Ավելի վաղ Ավստրալիան պատժամիջոցներ էր սահմանել նաև հիմնադրամի ղեկավար Այմանի Կադիրովայի՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոր նկատմամբ։
Կադիրովի հիմնադրամը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի հետ կապվող բազմաթիվ նոր թիրախների թվում է։ Ցանկում ներառվել են նաև երեխաների «ռազմահայրենասիրական դաստիարակության» կենտրոններ, իշխանամետ երիտասարդական կազմակերպություններ, մի շարք բանկեր, սպորտային պաշտոնյաներ, Մորդովիայի թիվ 10 քրեակատարողական գաղութի ղեկավարությունը, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիներ, պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում նշանակված անձինք, ինչպես նաև ռազմական գործարաններ։ Ընդհանուր առմամբ Ավստրալիան ցուցակում ավելացրել է 35 կազմակերպություն, 33 անձ և 38 նավ։
Հիմնադրամի ղեկավար Այմանի Կադիրովան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ է 2025-ի փետրվարից։ Այն ժամանակ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե նույնիսկ չգիտի՝ որտեղ են գտնվում այդ երկրները՝ պնդելով, որ իր մայրը միայն Հաջ է մեկնում, իսկ մնացած ժամանակ «տանն է մնում» իր գյուղում և բարեգործությունից բացի «ոչինչ չի անում»։
Ավստրալիայի իշխանությունները հիմնադրամը պատժամիջոցների ցուցակում ներառելու վերաբերյալ առանձին հիմնավորում չեն հրապարակել։ Սակայն երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումը կապված է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքի հետ։
Կադիրովը, մինչդեռ, պնդում է, որ պատժամիջոցները սահմանվել են Գազայի հատվածի բնակիչներին հիմնադրամի տրամադրած մարդասիրական օգնության պատճառով։ Նրա խոսքով՝ հիմնադրամը Գազայում երեք մարդասիրական արշավ է իրականացրել՝ օգնություն տրամադրելով «միլիոնավոր կարիքավորների»։ Պաղեստինյան ինքնավարության վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024-ի վերջին Գազայի ամբողջ բնակչությունը կազմել է 2,1 միլիոն մարդ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում