article_6abb6856c24b1_1790666838

Սաշա Կատվալյանը հերքում է աշխատակցի պնդումները՝ նշելով, որ նա նիստի ընթացքում դուրս է հրավիրվել իր վարքագծի պատճառով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հրապարակային հերքում է տարածել՝ նշելով, որ  վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցված մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։

«Հաշվի առնելով տարածված տեղեկությունների բնույթը՝ ներկայացնում եմ փաստերը։

1. Իմ կողմից նիստի ընթացքում տվյալ աշխատակցին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Չի հնչել նաև նրա կողմից նշված՝ «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս» արտահայտությունը։

Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից՝ իր վարքագծի պատճառով։ Այս մասով առկա է նիստին մասնակցած աշխատակիցների գրավոր արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս փաստերը գնահատել ոչ թե հարցազրույցի, այլ արձանագրված հանգամանքների հիման վրա։

2. 2026 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բյուջեով նախատեսված երկու միջոցառում՝ «Ռոք ֆեստ» և «Գիտելիքի և դպրության օր» միջոցառումները դիտավորության կամ անգործության արդյունքում չեն իրականացվել։

Միևնույն ժամանակ, այդ միջոցառումները 2025 թվականին հենց տվյալ բաժնի կողմից ներկայացվել էին 2026 թվականի բյուջեի մշակութային միջոցառումների շրջանակում ընդգրկվելու համար։

3. Արձակուրդի ընթացքում տվյալ աշխատակցի կողմից աշխատանքի ներկայանալու, փաստաթղթեր ստորագրելու և հանձնարարականներ տալու վերաբերյալ նույնպես առկա են փաստեր, որոնց իրավաչափությունը ենթակա է համապատասխան գնահատականի։

Տվյալ աշխատակցի աշխատանքային գործունեության թերացումների վերաբերյալ առկա են նաև այլ փաստեր և փաստաթղթեր, որոնց այս պահին չեմ անդրադառնում։

Հարցազրույցի միջոցով ստեղծված որևէ տպավորություն չի կարող փոխարինել փաստերին։

Այս հրապարակմամբ հերքում եմ իմ հասցեին հնչեցված իրականությանը չհամապատասխանող պնդումները։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ իմ կողմից պատրաստվում է համապատասխան դատական հայց՝ զրպարտության վերաբերյալ, և հարցի իրավական գնահատականը կտրվի դատարանի կողմից»,- նշել է Կատվալյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն