Սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների 37-րդ մրցույթում» «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» համատեղ ձեռնարկության հատուկ մրցանակի (CBE JU Prize)՝ կենսատնտեսության ոլորտում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Հայ աշակերտների ներկայացրած «Էյրիֆայ» (Airify) նախագիծը նվիրված է եգիպտացորենի կեղևի կենսազանգվածի հիմքով կենսաքայքայվող և ինքնամաքրվող օդային ֆիլտրի մշակմանը՝ TiO₂-ի և «կանաչ» սինթեզով ստացված արծաթի նանոմասնիկների կիրառմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մրցույթին ներկայացված մյուս հայաստանյան նախագիծը կոչվում է «Խելացի բիոպլաստիկ»։ Նախագծի հեղինակներն են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սովորողներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը։
Եվրոպական միության երիտասարդ գիտնականների մրցույթը (EUCYS) կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից 1989 թվականից ի վեր՝ համարվելով Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։
Այս տարի մրցույթը կազմակերպվել է Քիլի համալսարանի հետ՝ միավորելով 14-ից 20 տարեկան շուրջ 150 տաղանդավոր երիտասարդ գիտնականների՝ մոտ 40 երկրներից։