Տելեկոմ օպերատորների մասնակցությամբ կստեղծվի նոր կազմակերպություն, որը կկառավարի IMEI-ների նույնականացման թվերի շտեմարանը. ԲՏԱ նախարարը՝ հետաձգված նախագծի մասին | civilnet.am

Տելեկոմ օպերատորների մասնակցությամբ կստեղծվի նոր կազմակերպություն, որը կկառավարի IMEI-ների նույնականացման թվերի շտեմարանը. ԲՏԱ նախարարը՝ հետաձգված նախագծի մասին | civilnet.am

civilnet.am Հայաստանում բջջային հեռախոսների IMEI համարների գրանցման մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամսով՝ տեխնիկական հստակեցումների նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովի նիստում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը։

Ըստ նախարարի՝ լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ է փաստաթղթում ավելի հստակ ու չափելի եզրույթներ սահմանելու, ինչպես նաև ստացված դիտողությունները հաշվի առնելու համար։ Նախագծի նպատակը ֆիսկալ խնդիրների լուծումն է։

«Հիմնական խնդիրը, որ գործադիրն ուզում է լուծել այս նախաձեռնությամբ, դա ստվերի շրջանառության դեմ պայքարն է, այսինքն՝ ֆիսկալ խնդրի լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, և այդ տեսակետից երևի թե կարելի է ու անհրաժեշտ է ավելի կիրառելի, ավելի չափելի, ավելի տեխնիկապես հստակ ուրվագծված եզրույթներ նախատեսել օրենքի նախագծում ֆիսկալ խնդրի լուծման համար»,- նշել է Դավիթ Թադևոսյանը։

Անդրադառնալով նախագծի բովանդակային մասին՝ նախարարը պարզաբանել է, որ տելեկոմ օպերատորների մասնակցությամբ ստեղծվելու է նոր կազմակերպություն։

«Տելեկոմ օպերատորների միջոցով և մասնակցությամբ ստեղծվում է նոր կազմակերպություն, որն արդեն կկառավարի IMEI-ների այդ նույնականացման՝ յուրաքանչյուր բջջային հեռախոսի համար անհատական 15-նիշանոց թվերի շտեմարանը։ Այսինքն՝ կկարողանանք իդենտիֆիկացնել սպիտակ, օրինական ճանապարհով ներկրված և օգտագործվող հեռախոսի համարները և համապատասխան սանկցիաներ կիրառել այն բջջային հեռախոսների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում, օրինակ, օրենսդրությամբ սահմանված չափանիշներին»,- ասել է նախարարը։

Դավիթ Թադևոսյանը հավելել է, որ տեխնիկական կարգաբերումներից հետո քննարկման ու ընդունման համար առավել պատրաստ նախագիծը կներկայացվի հնարավորինս արագ՝ մինչև երկու ամիս ժամկետում։

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն էր տվել այս օրինագծին, որը պարտադիր է դարձնում երկրի յուրաքանչյուր բջջային հեռախոսի գրանցումը և արգելափակում չգրանցված սարքերը։ Այս քայլը մտահոգություն է առաջացրել կիբեռանվտանգության մասնագետների ու թվային իրավունքների պաշտպանների շրջանում։ Նրանք զգուշացնում են, որ համակարգը կարող է հող նախապատրաստել զանգվածային հսկողության համար և կրկնում է այն մոդելը, որը կիրառվում է հիմնականում ոչ ժողովրդավարական պետություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն