arm.sputniknews.ru Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը Դուբայից ուղևորվում էր Թել Ավիվ, քիչ էր մնում կործանվեր օդաչուների խցիկում տեղի ունեցած դանակահարության հետևանքով։ The Times of Israel-ը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել։
Միջադեպի ժամանակ Boeing 737 MAX-ը սկզբում փոխանցել է 7700 միջազգային վթարային ազդանշանը, այնուհետև՝ 7500 կոդը, որը նշանակում է օդանավի առևանգում կամ անօրինական միջամտություն։ Դրանից հետո ինքնաթիռը կտրուկ վայրէջք է սկսել կատարել՝ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում մոտ 10,4 կմ-ից իջնելով մինչև 5,2 կմ բարձրության։
Ուղևորներից մեկը՝ Միրիամը, իսրայելական «Channel 12»-ին պատմել է, որ օդանավում խուճապ է սկսվել, իսկ երբ օդաչուների խցիկի դուռը բացվել է, մարդիկ արյուն են տեսել։
«Ճիչեր լսեցինք։ Հետո բացեցին օդաչուների խցիկի դուռը և արյուն տեսանք․ ինչ-որ մեկը ծալովի դանակով հարվածել էր օդաչուին։ Պահեր եղան, երբ մտածում էինք, որ այնտեղից կենդանի դուրս չենք գա», — պատմել է կինը։
Մեկ այլ ուղևոր պատմել է, որ օդաչուի վիրավորվելուց հետո ինքնաթիռը սկսել է սրընթաց ներքև իջնել։
«Ինչքանով հասկանում էինք` օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել և ծանր վիրավորվել, ինչից հետո ինքնաթիռի կառավարումը կորցվել է։ Այն սկսել էր սրընթաց իջնել։ Շատ սարսափելի էր»,– ասել է նա։
Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ միջադեպը կապված է եղել օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի հետ, իսկ ինքնաթիռի առևանգման վարկածն անմիջապես բացառվել է։
Իսրայելական 14-րդ ալիքի ռազմական թղթակից Հիլել Բիտոն Ռոզենը ևս ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ օդաչուներից մեկը, ենթադրաբար, սկսել է կտրուկ իջեցնել ինքնաթիռի բարձրությունը և անտեսել է մյուս օդաչուին։ Վերջինս կռվի է բռնվել նրա հետ և կանխել ինքնաթիռի կործանումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում