Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը | factor.am

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Այսօր պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող երկամյա «Թվինինգ» ծրագիրը՝ «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը»։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ իրականացմանը՝ ամրապնդելով ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունները, կատարելագործելով առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները և զարգացնելով իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ մեկնարկել է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման նոր փուլը։

«Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի առողջության հետ կապված որևէ խնդրի դեպքում կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ ժամանակին և արդյունավետ։ Մենք պետք է հասնենք նրան, որ որևէ ընտանիք առողջական խնդրի պատճառով ստիպված չլինի վաճառել իր տունը կամ զրկվել առաջնային կարիքները հոգալու հնարավորությունից»։

Նախարարը կարևորել է նաև առողջապահական բարեփոխումների ազդեցությունը բնակչության առողջության ցուցանիշների վրա։

«Հայաստանում կյանքի միջին տևողությունը շարունակաբար աճում է․ 2024 թվականին այն առաջին անգամ հասել է 78.6 տարվա, իսկ 2025 թվականին՝ 78.9 տարվա»,- նշել է նախարարը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Խորվաթիայի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համագործակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն