Ոչ թե «հայրը ծեծել է իր երեխային», այլ աշակերտներից մեկի ծնողը ապտակել է իր դստեր համադասարանցուն. ինչ է տեղի ունեցել Երասխի դպրոցում

Ոչ թե «հայրը ծեծել է իր երեխային», այլ աշակերտներից մեկի ծնողը ապտակել է իր դստեր համադասարանցուն. ինչ է տեղի ունեցել Երասխի դպրոցում

Մամուլում տարածվում է «Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ սկզբնաղբյուր լրատվամիջոցը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, թե «Երասխի դպրոցում դասի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը»։ Ըստ լրատվամիջոցի՝ դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասել է, որ «ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ», իսկ միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երասխի դպրոցում միջադեպ իսկապես տեղի է ունեցել և դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել է։ Սակայն գործն այժմ դատարանում է, և դրա մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ ոչ թե «հայրը ծեծել է իր երեխային», այլ աշակերտներից մեկի ծնողը ապտակել է մեկ իր դստեր համադասարանցուն։ Թե ինչն է եղել պատճառը, հայտնի չէ։ Դատական նիստեր դեռեւս տեղի չեն ունեցել։

«Ինֆոքոմը» Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ տղամարդուն՝ Զ․ Ջ․-ին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի մայիսի 13֊ին, մուտք գործելով Երասխի միջնակարգ դպրոց, 8-րդ դասարանի դասասենյակում գտնվող Ս․ Ա․-ին մեկ ապտակ է հասցրել։

«Դպրոցի տնօրեն Մ․ Չ․-ի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վ․ Զ․-ի կողմից տղամարդուն՝ Զ․ Ջ․-ին դասասենյակից դուրս հանելուց հետո՝ վերջինս, շարունակելով իր դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր վարքագիծը, շարունակել է գոռգռալ դպրոցի միջանցում, որի հետևանքով տևական ժամանակ՝ շուրջ 30 րոպե, խոչընդոտվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ Արարատի մարզի Երասխ համայնքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում իրականացվող դասապրոցեսը և դպրոցի մյուս աշակերտների և ուսուցիչների բնականոն աշխատանքը»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ։

Զ․ Ջ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է անձին ստորացնելով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն