Բյուջեի պակասուրդը լրացնելու համար Հայաստանը 250 մլն եվրո վարկ կվերցնի | civilnet.am

Բյուջեի պակասուրդը լրացնելու համար Հայաստանը 250 մլն եվրո վարկ կվերցնի | civilnet.am

civilnet.am Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 250 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Ստացվող միջոցներն ուղղվելու են 2026-ի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ, որը ևս նախատեսում է տրամադրել մինչև 250 մլն դոլար։

Ծրագրի առանցքային նպատակն է նվազեցնել Հայաստանի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։ Ֆինանսական աջակցությունն ուղղվելու է նաև պատասխանատու հանրային ֆինանսների կառավարմանը, որը պետք է ապահովի որակյալ ու կայուն պետական ծախսեր և ներդրումներ։

Բարեփոխումներն ընդգրկելու են երեք հիմնական ուղղություն․

  • Հարկաբյուջետային կառավարման և հանրային ծառայությունների բարելավում ազգային ու տեղական մակարդակներում,
  • Ներպետական ռեսուրսների հավաքագրման, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման խթանում,
  • Պետական պարտքի կառավարման բարելավում և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացում։

Վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ։ Մայր գումարը մարվելու է 30 հավասար մասերով, իսկ ամբողջ գումարը Հայաստանին է փոխանցվելու մեկ միասնական տրանշով։ Քանի որ սա բյուջետային աջակցության վարկ է, պետական բյուջեից հավելյալ ծախսեր կամ համաֆինանսավորում չի պահանջվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն