armenpress.am ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի ֆուտբոլի մարզադաշտերի կառուցման նախագծերին։ Մարզադաշտերը, ըստ նախատեսվածի, պետք է պատրաստ լինեն մինչև 2028 թվականի ավարտը՝ Հայաստանում և Վրաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ։
Կառավարության նիստում որոշումը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցելու է 24 թիմ։
«Ընդհանուր առմամբ անցկացվելու է 52 հանդիպում, որոնց կեսը՝ Հայաստանում։ Նախատեսվում է Երևանում կազմակերպել 15-17, իսկ Իջևանում և Վանաձորում՝ ընդհանուր առմամբ 9-11 հանդիպում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի՝ առնվազն 10 հազար նստատեղով մարզադաշտեր»,-ասել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ առաջնությունը նախատեսվում է անցկացնել 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ միջազգային պահանջներով մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն առնվազն վեց ամիս առաջ։ Հետևաբար, դրանք պետք է շահագործման հանձնված և հավաստագրված լինեն մինչև 2029 թվականի մարտը։
«Այս պահի դրությամբ մենք ունենք 30 ամիս»,-նշեց նախարարը։
Նա պարզաբանեց, որ այդ ընթացքում անհրաժեշտ է վերջնականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերը, անցկացնել փորձաքննությունները և իրականացնել կառուցման ու վերակառուցման աշխատանքները։ Ժամկետների սահմանափակմամբ է պայմանավորված գնումը հրատապ ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը։
Շինարարական աշխատանքների վերաբերյալ բանակցություններն անցկացվել են մարզադաշտերի նախագծումն իրականացնող «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության հետ, որն ունի նման մարզադաշտերի նախագծման միջազգային փորձ։ Ընկերությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել 24 ամսվա ընթացքում։
«Վանաձորում խոսքը գնում է վերակառուցման մասին, Իջևանում՝ խոսքը զրոյից կառուցման մասին է»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի ներկայացմամբ՝ աշխատանքներն այժմ մեկնարկելու դեպքում հնարավոր կլինի երկու մարզադաշտերն էլ պատրաստ ունենալ 2028 թվականի ավարտին։ Որոշման ընդունումից հետո նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում ավարտին հասցնել նաև պայմանագրի ստորագրումը։
Իջևանի մարզադաշտի համար ընկերությունն առաջարկել է կիրառել SPS կոմպոզիտային տեռասավորման տեխնոլոգիա։ Անդրեասյանի խոսքով՝ դրա կիրառումը հնարավորություն կտա կրճատել կառուցման ժամանակը և տեղում իրականացվող աշխատանքների ծավալը։ Ծրագրի ընթացքում ՈՒԵՖԱ-ն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն։
Որոշմամբ սահմանվում են նաև գնումների կազմակերպման, պայմանագրի և որակավորման ապահովման, ընկերության գործակալական վճարի, նյութերի ու ապրանքատեսակների գնորոշման և ավարտական ակտի դիմաց վճարման առանձնահատկություններ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում