arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, թե Գեղարքունիքի մարզ Վարդենիսը դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք։ Այդ մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստի ժամանակ՝ Գեղարքունիքի մարզում Մեծ Մասրիկից դեպի Կախակն տանող ավտոճանապարհի 6.2 կմ հատվածի հիմնանորոգման ծրագրի ներկայացման ժամանակ։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 8 մլն դրամ:
«Նախորդ օրը մենք մեր էներգետիկ ոլորտի հնարավոր ներդրումներն էինք քննարկում և տարբեր տեղերից եկած ինֆորմացիան մեկտեղելով` մենք կարող ենք արձանագրել, որ Վարդենիս խոշորացված համայնքը, ըստ էության, դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք` առանց չափազանցության»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` համայնքում քամու հողմնային էլեկտրաէներգետիկայի զարգացման և մեծ ներդրումային գրավչություն ունեցող ռեսուրսներ կան` հատկապես հաշվի առնելով դիրքը Սևանա լճի ափին, առանձնահատուկ կլիմայական պայմանները, բնաշխարհը։
«Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,– կարծում է Փաշինյանը։