hetq.am Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնները դժվարությամբ են համալրվում։ Այդ պատճառով Արդարադատության նախարարությունը ծառայության անցնել ցանկացողներին ներգրավելու և ծառայության ընթացքում նրանց խրախուսելու նոր մեխանիզմներ է առաջարկում։
Արդարադատության նախարարությունը «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման: Փոփոխություններից մեկը վերաբերում է քրեակատարողական ծառայությունում աշխատել ցանկացողներին, որոնք բավարարում են օրենքով սահմանված պահանջները և հաղթահարել են մրցույթը, սակայն աշխատանքային փորձ չունեն։
Գործող կարգավորմամբ՝ մինչև պաշտոնի նշանակվելը նրանք պետք է անցնեն մեկամսյա ուսումնական դասընթաց։ Այդ ընթացքում նրանք վարձատրություն չեն ստանում։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ դասընթացին մասնակցելը մարդկանցից ժամանակ և ծախսեր է պահանջում, իսկ վարձատրության բացակայությունը կարող է նվազեցնել ծառայության անցնելու հետաքրքրվածությունը։ Այն կարող է նաև ազդել մրցույթը հաղթահարած անձանց՝ ուսուցումն ավարտելու և հետագայում ծառայության անցնելու շահագրգռվածության վրա։
Նախագծով առաջարկվում է այդ մեկամսյա դասընթացի ընթացքում քաղաքացիներին վարձատրել։ Այսինքն՝ անձը վարձատրություն կստանա դեռևս պաշտոնի նշանակվելուց առաջ՝ ուսումնական դասընթացին մասնակցելու ժամանակահատվածում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024թ.-ին քրեակատարողական ծառայություն դիմած և պահանջներին համապատասխանող, սակայն աշխատանքային փորձ չունեցող 62 քաղաքացի է մասնակցել ուսումնական դասընթացի։ 2025թ.-ին նրանց թիվը եղել է 73, իսկ 2026թ.-ի առաջին կիսամյակում՝ 37։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում