armenpress.am Հայաստանի կառավարությունը պետք է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը հասցնի վերջնական արդյունքի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման։ Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունն ու անշարժ գույքի շուկայի ցուցանիշները վկայում են քաղաքացիների լավատեսության մասին։
Վարչապետի խոսքով՝ տնտեսությունը մեծապես կապված է մարդկանց սպասումների և տրամադրությունների հետ։ Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշները խաղաղության նկատմամբ վստահություն են արտահայտում՝ չնայած լրահոսում շրջանառվող խուճապային գնահատականներին։
Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է, սակայն դեռ ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ։ Կառավարությունը, նրա խոսքով, պետք է արդարացնի մարդկանց սպասումները և գործընթացն ավարտին հասցնի։
«Միջանկյալ հանգրվանին հասել ենք։ Բայց դա միջանկյալ հանգրվան է, վերջնական հանգրվան չի։ Եվ պետք է դեպի վերջնական հանգրվանը շարժվենք»,- ասաց վարչապետը։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտության համատեքստում Փաշինյանը հիշատակեց նաև TRIPP նախագիծը, սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, Թուրքիայի հետ գործընթացը, Հյուսիս–հարավ ճանապարհը և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը։
Նա կառավարության անդամներին հորդորեց քաղաքական ուղերձներն ու ռազմավարությունները կառուցել այդ առաջնահերթության շուրջ՝ կենտրոնանալով իրական կյանքի խնդիրների և գործնական լուծումների վրա։ Փաշինյանի խոսքով՝ ամենօրյա տեղեկատվական աղմուկը չպետք է շեղի Կառավարությանը հիմնական անելիքից։