Պետական գույքի կառավարման եւ Ջրային կոմիտեները կվերանվանվեն | hetq.am

Պետական գույքի կառավարման եւ Ջրային կոմիտեները կվերանվանվեն

Կառավարությունն առաջարկում է Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե, և դրանք նախարարության ենթակայությունից փոխանցել ՀՀ Կառավարության ենթակայությանը։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին, որոնցով արվում է այդ առաջարկը։

«Մեծ առաջնահերթություններ կան 2026-2031 թթ. Կառավարության ծրագրում՝ ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, բոլոր ուղղություններով՝ խմելու ջուր, ոռոգման ջուր, ջրի մաքրման կայաններ։ Կան նաև գործառույթներ, որոնք այս պահին իրականացնում է Ջրային կոմիտեն, դրանց մի մասն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես՝ հողերի մշտադիտարկման, արդյունավետ կառավարման հետ կապված հարցեր կան, որոնք Էկոնոմիկայի նախարարության իրավասությունների տիրույթում են»,-ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչ վերաբերում է Պետական ակտիվների կառավարման կոմիտե ստեղծելուն, ապա ըստ Դավիթ Խուդաթյանի, դա հնարավորություն կտա պետական ակտիվների կառավարման կազմակերպական ենթակայությունը համապատասխանեցնել դրա գործառութային ընդգրկմանը և պետական ակտիվների կառավարման միասնական քաղաքականության իրականացման անհրաժեշտությանը։

Քննարկվող հարցին վարչապետն անդրադարձել է այլ տեսանկյունից. «Բացի կառավարումից, կա նաև մի ուրիշ խնդիր։ Գիտեք՝ հող ու ջուր մեր իրականության մեջ ամենաշատ օգտագործվող արտահայտություններից և ամենաշատ խմվող կենացներից մեկն է՝ «հող ու ջրի»։ Շատ կարևոր եմ համարում, որ պետական կառավարման համակարգում մեր գերատեսչությունների բրենդինգի մասին մտածելիս՝ չմոռանանք այն խնդիրը, որ մեր պետական ինստիտուտների հետ մեր քաղաքացիների էմոցիոնալ կապը շատ կարևոր է»։

Վարչապետի դիտարկմամբ՝ «Հողի և ջրի կոմիտե» անունը արտահայտում է նաև այն նոր ընկալումը, թե ինչպիսի անուններ և բրենդինգ պետք է ունենան պետական մարմինները. «Մարդուն պետք է լինի հասկանալի, և այնտեղ, որտեղ հնարավոր է մարդու համար հոգեհարազատ անուն ունենա պետական գերատեսչությունը, մենք պետք է այդ խնդիրը նույնպես լուծենք»։

Անդրադառնալով որոշման բովանդակային հատվածին՝ վարչապետն ընդգծել է՝ ի վերջո, օրինակ՝ ոռոգման ջրի վերջնակետը հողն է։ «Հողերի 90%-ի չմշակման պատճառը ուղղակի ջրի բացակայությունն է։ Այսինքն՝ մենք ջրի կառավարման խնդիրը չպետք է տարանջատենք հողի կառավարման խնդրից այս տրամաբանության մեջ։ Ջրի կառավարման ոլորտում մեր հարցը պետք է լինի հետևյալը՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է լինել տեսականորեն արդյունավետ գյուղատնտեսություն, մենք պետք է այդ տեղերում ջուր հասցնենք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն