azatutyun.am Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել նրանից, «ինչ այսօր օգուտ է տալիս»:
«[Հայաստանին] Պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչ այսօր քեզ օգուտ է տալիս: Պետք չէ հեռանալ այս ընդհանուր [ԵԱՏՄ] շուկայից», – հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք դրանից հեռանալ: Ոչ մի տեղ, հավատացեք ինձ՝ հին նախագահիս, գրեթե 30 տարի աշխատում եմ, ոչ մի տեղ մեզ չեն սպասում», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաև Հայաստանին կոչ է արել մտածել՝ կհաջողվի՞ արդյոք Եվրամիությունում վաճառել իր արտադրանքը, այդ թվում՝ կոնյակը:
«Եթե դու որոշել ես [գնալ] Եվրոպական միություն, ո՞ւր ես շտապում: Դու հստակ պարզիր՝ որտեղ քո կոնյակը կվերցնեն, որտեղ քո բանջարեղենը, մրգերը կվերցնեն, ինչ ծավալով, կկարողանա՞ս լրացնել այն, ինչ վաճառում ես այսօր մեզ մոտ: Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իրե՛նը չգիտի ինչ անի, բայց քոնը կգնի, լավ, գնա: Ի՞նչ ես վազում: Ի՞նչ ես սայլը ձիերից առաջ դնում», – նշել է Բելառուսի նախագահը:
Հայաստանից պատվիրակություն չի մեկնել Մինսկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցում է տեսակապով: